Ինչպես հայտնի է, նավթի համաշխարհային գների վերջին անկումը (որը սկսվել էր 2014 թվականից) հանգեցրել է ռուսական ռուբլու՝ դոլարի նկատմամբ կտրուկ թուլացմանը: Իսկ ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել այս ոլորտում անցյալ տարի: Ստորեւ ներկայացված գրաֆիկում նշված է հյուսիսծովյան Ռուսաստանում Brent նավթի միջին ամսական արժեքն ու ԱՄՆ դոլարի անվանական փոխարժեքը (յուրաքանչյուր ամսվա վերջի տվյալներով):

Գրաֆիկը ներառում է 2014-ից 2017 թվականը ընկած ժամանակահատվածը: Նշենք, որ ռուսական Urals նավթի արտահանման ապրանքանիշը (որի մասնաբաժինը ռուսական նավթի արտահանման մեջ 80 տոկոսի է հասնում) իր գները սահմանում է ըստ Brent-ի: Տարբերությունը բարելի դիմաց մոտավորապես 2 դոլար է, որը պայմանավորված է Urals-ի համեմատաբար ցածր որակով (մասնավորապես, ծծմբի պարունակությունը Urals-ում ավելի բարձր է, քան Brent-ում):

Այդպես, Y-ի ձախ առանցքի վրա Brent-ի գինն է ԱՄՆ դոլարով, իսկ Y-ի աջ առանցքի վրա` դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ: Ռուսաստանում նավթի գնի եւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի միջեւ բացասական կապը այնքան ակնհայտ է, որ գրաֆիկը մեկնաբանության կարիք չունի: Սակայն նշենք, որ կոտրված գծի վերջին հատվածում (2017-ին վերաբերող) պատկերն արմատապես փոխվել է:

Եթե կիրառենք վերլուծության վիճակագրական մեթոդը, ապա կստանանք հետեւյալ արդյունքը. 2014-2016 թվականներին համահարաբերակցական կապը կազմել է 0.99-ը (կլորացված՝ մինուս 1), ինչը չափազանց բացասական կապ է համարվում: Իսկ անցյալ տարի այս ցուցանիշը զուտ խորհրդանշական էր` մինուս 0.02: Այսինքն, Ռուսաստանում նավթի գների եւ ԱՄՆ դոլարի փոխարժեքի հարաբերակցությունը գրեթե զրոյական է:

Հասկանալի է, որ ֆոնդային բորսայում ֆյուչերսների գների ձեւավորման գործում նշանակալի դեր է խաղում մարդկային գործոնը. ոչ մի տնտեսական գործոն չի կարող բացատրել նման կտրուկ աճն ու անկումն անգամ մեկ օրվա կտրվածքով: Նավթի գների հիմնարար գործոնների (օրինակ, գիտատեխնոլոգիական առաջընթացի հետ կապված) հիմնական ազդեցության կարելի է սպասել միայն երկարաժամկետ կամ լավագույն դեպքում միջնաժամկետ հեռանկարում:

Ավելացնենք, որ հունվարի անցած օրերին (1-ից մինչեւ 18-ը) Brent-ի միջին օրական ֆյուչերսային գները մոտեցել են 1 բարելի դիմաց մոտ 70 դոլարի եւ նույնիսկ մեկ անգամ (հունվարի 15-ին) անցել են այս շեմը: Որպես կանոն, երբ գինը հասնում է իր գագաթնակետին, սկսում է վերադառնալ իր նախնական դիքերին, օրինակ՝ մեկ շաբաթ առաջվա: Գնային որոշակի դիապազոնում տատանումներից հետո (օրինակ, 1 բարելի դիմաց 65-70 դոլար) հնարավոր է որակական անցում դեպի այլ գնային կատեգորիա:

Սմբատ Գրիգորյան