Սերժ Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի անունը կհայտարարի վաղը: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն քննարկել է նախագահի թեկնածուի հարցը։ «Մարտի սկզբին Ազգային ժողովը ընտրելու է չորրորդ նախագահին, որն ունենալու է ներկայացուցչական գործառույթ, պետության գլխի գործառույթ։  Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց։ Այդ թեկնածուն, կարծում ենք լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը աշխարհում։ Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր կարողություններ, դրական հեղինակություն Սփյուռքում եւ Հայաստանում»,- ասել է Շարմազանովը՝ նշելով, թե թեկնածուն այն անձն է, որի շուրջ հնարավոր է հասնել լայն համագործակցության։

«Նախագահի թեկնածուին առաջադրել է Սերժ Սարգսյանը, գործադիր մարմնի բոլոր անդամները քննարկել են եւ կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը»,- նշել է Շարմազանովը՝ այդպես էլ չհայտնելով թեկնածուի անունը։

«Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին մեր կողմից առաջադրել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։ Անունը կիմանաք, վաղը, մի գիշեր էլ սպասեք»,- նշել է նա՝ հավելելով, որ որեւէ սենսացիոն բան չկա, այն թեկնածուն է, որի մասին շատերը խոսել են, ունի լուրջ ծառայություններ Հայաստանի առջեւ։

Շարմազանովը հուսով է, որ իրենց թեկնածուն այն անձն է, որը կարող  է հավակնել ընդդիմության առնվազն մի հատվածի դրական վերաբերմունքին։

Նշենք, որ ըստ լուրերի, այդ թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: