Հինգշաբթի Ռիո դե Ժանեյրոյում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, վիրավորվել է առնվազն 15 մարդ, հայտնում է Globo-ն:

Նախնական տեղեկություններով՝ պատահարը տեղի է ունեցել աշխարհահռչակ Կոպակաբանա լողափում:

Համացանցում հրապարակված տեսանյութում տուժածները նստած կամ պառկած են գետնին, նրանց օգնություն են ցույց տալիս: Լողափի ուղղությամբ երթեւեկությունը դադարեցված է: Տուժածների թվում 4 երեխա կա, այդ թվում՝ նորածիններ:

Մեքենայի վարորդը ձերբակալված է: Նա 41-ամյա տեղացի է: Նա պատմել է, որ վրաերթից առաջ իր մոտ էպիլեպսիայի նոպա է եղել, որն իբր դարձել է տրանսպորտային միջոցի կառավարումը կորցնելու պատճառը: Վրաերթից հետո վարորդին քիչ էր մնում ծեծեին ականատեսները, նրան զայրացած մարդկանցից փրկել են ոստիկանները:

Այժմ իրավապահները պարզում են տեղի ունեցած մանրամասները: