Հայաստանի Հանրապետությունը նոր Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2015 թվականին, ամբողջական խորհրդարանական կառավարման կանցնի այս տարվա ապրիլից, երբ դադարեն գործող նախագահի լիազորությունները:

Առաջին անգամ Հայաստանում ՀՀ նախագահին կընտրի ոչ թե ժողովուրդը, համընդհանուր ընտրություններով, այլ՝ Ազգային ժողովը: Նոր նախագահը կունենա անհամեմատ սահմանափակ լիազորություններ, իսկ երկրի թիվ մեկ պաշտոնյան կլինի վարչապետը:

Ըստ այդմ, Նոր Սահմանադրության համաձայն՝ փետրվարի 19-28-ին ԱԺ-ում կառաջադրվեն ՀՀ նախագահի թեկնածուները, իսկ մարտի առաջին տասնօրյակում խորհրդարանը կընտրի ՀՀ չորրորդ նախագահին:

Եվ այսպես ստորեւ ներկայացնում ենք, թե ինչ լիազորություններ է ունենալու նոր նախագահը, ինչպես է ընտրվելու եւ որքան է պաշտոնավարելու:

Ինչ կարգավիճակ է ունենալու նոր նախագահը

Ըստ Սահմանադրության 123-րդ հոդվածի ՀՀ նախագահը պետության գլուխն է, ով հետեւում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով, հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Նշենք, որ նախորդ սահմանադրությամբ, ՀՀ նախագահը իրականացնում էր օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, նա ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն էր: Այս լիազորությունները նոր նախագահը չի ունենալու:

Ինչպես է ընտրվում ՀՀ նախագահը

Նոր Սահմանադրությամբ, ՀՀ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, մինչդեռ նախորդ սահմանադրությամբ այդ թիվը 5 տարի էր: Բացի այդ, եթե նախորդ Սահմանադրությամբ նախագահը կարող էր ընտրվել երկու անգամ անընդմեջ, ապա հիմա նա կարող է նախագահի պաշտոնը զբաղեցնել միայն մեկ անգամ:

Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Իսկ նախորդ Սահմանադրությամբ, ՀՀ նախագահ կարող էր ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Նոր Սահմանադրության Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների 1/4-ը, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկն ստանա ձայների 3/4-ը (79 ձայն):

Ըստ էության, ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին (գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը)։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները եւ կառավարությունը հրաժարական կտա։

Ի՞նչ լիազորություններ է ունենալու նոր նախագահը

Նոր սահմանադրությամբ՝ Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները, ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքները՝ քսանմեկօրյա ժամկետում:

Նախագահն այլեւս իրավունք չունի Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ սահմանված դեպքերում կարող է ընդունել Կառավարության հրաժարականը եւ վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ կատարել Կառավարության կազմում:

Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Արտաքին քաղաքականության ոլորտ

ՀՀ նախագահի լիազորությունները կրճատվել են նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում: ՀՀ նախագահը նոր Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, Կառավարության առաջարկությամբ, կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը:

Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Մինդեռ նախորդ Սահմանադրությամբ՝ նախագահը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:

Զինված ուժեր

Նոր Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ինչպես նաեւ՝ վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այլեւս նախագահը չէ եւ պատերազմի դեպքում այդ լիազորությունները վարչապետին են պատկանում: Բացի այդ, նախորդ Սահմանադրությամբ նախագահն ինքնուրույն համակարգում էր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում էր զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Նախորդ Սահմանադրության համաձայն, զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում նախագահը հայտարարում էր ռազմական դրություն եւ կարող էր հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին:

Այլ ոլորտներում լիազորություններ

Քաղաքացիության վերաբերյալ հարցերի ոլորտում ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու եւ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը, լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: ՀՀ նախագահը պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ, բարձրագույն դասային աստիճաններ:

ՀՀ նախագահի անձեռնմխելիությունն ու պաշտոնանկության կարգը

Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: Նա իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո: Նա կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: ԱԺ-ն ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում ՍԴ եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Նախագահի հրաժարականը

ՀՀ նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում է լինում:

ՍԴ-ն կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: