Հայաստանում պատահարների ժամանակ աջ ղեկով մեքենաների մեղավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան: Այս մասին հայտարարել է փաստաբան, ճանապարհատրանսպորտային պատահարների հարցերով փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով տրանսպորտի նախարարի երկրի ավտոպարկից աջ ղեկով մեքենաների հեռացնելու անհրաժեշտության մասին հերթական փորձերը:

Ինչպես նշել է Նիկոլայ Բաղդասարյանը, Տրանսպորտի նախարարությունում դա բացատրում են  այն փաստով, որ աջ ղեկով մեքենաները իբրեւ թե վտանգավոր են: Բայց որքանո՞վ են հիմնավոր այդ հայտարարությունները: «Իրականում, ղեկի դիրքի «մեղավորության» վերաբերյալ վիճակագրություն գոյություն չունի: Պատկերացրեք, յուրաքանչյուր դեպքի համար պետք կլիներ փորձաքննություն անցկացնել, եւ միայն փորձագետը կարող է ասել, որ վթարի պատճառը ղեկի աջ դիրքն է:

Պատահարին աջ ղեկով մեքենայի մասնակցությունը չի նշանակում , որ վարորդը մեղավոր է եւ անգամ եթե մեղավոր է, չի նշանակում, որ վթարը տեղի է ունեցել ղեկի դիրքի պատճառով: Իրականում եզակի դեպքեր կան, որ պատահարում աջ ղեկով մեքենաների մեղավորությունը կա», - նշել է նա:

Ավելի վաղ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վկայակոչում էր  ոստիկանության վիճակագրական տվյալներին: Տվյալները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ պատահարներում աջ մեքենաների մասնակցությունը չի համապատասխանում նախարարի կողմից ներկայացված վիճակագրական տվյալներին: Այնուհետեւ նախարարը վկայակոչում էր ապահովագրական ընկերությունների տեղեկություններին: Սակայն  ավտոապահովագրողների ասոցիացիային NEWS.am-ի հարցման ի պատասխան նշել էին, որ իրենք նման տվյալների չեն տիրապետում: