Sanofi SA ֆրանսիական դեղագործական ընկերությունը հայտարարել է ամերիկյան Bioverativ ընեկրության հետ վերջինիս բոլոր բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը 105 դոլարի դիմաց, վաճառքի գործարքի կնքման մասին, հաղորդում է Kommersant.ru-ն:
Այս գինը 36 տոկոսով գերազանցում է  Bioverativ-ի բաժնետոմսերի արժեքը հունվարի 19-ի աճուրդի տվյալներով:

Համաձայնագիրը հաստատվել է երկու ընկերությունների տնօրենների խորհրդի կողմից, եւ կողմերը մտադիր են ավարտել գործարքը 3 ամսվա ընթացքում: Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 11.6 միլիարդ դոլար է կազմել:

Ֆրանսիական ընկերությանն անհրաժեշտ էր այս գործարքը, որը կօգնի փոխհատուցել վաճառքի անկումը եւ հաղթահարել մրցակցությունը ջեներիկների արտադրողների հետ: Ընկերության հիմնական արտադրանքը՝ Lantus ինսուլինը, կորցրել է արտոնագրային պաշտպանությունը, եւ այժմ դրա վաճառքը նվազում է՝ շուկայում առկա ավելի էժան դեղամիջոցների պատճառով:

Արդյունքում, ֆրանսիական արտադրողի ընտրությունը կանգ էր առել Bioverativ-ի վրա՝ ընկերություն, որը զբաղվում է հեմոֆիլիայի բուժման համար դեղամիջոցների արտադրությամբ:

Sanofi-ի տվյալներով՝ հեմոֆիլիայի բուժման համար դեղերի շուկան ամենախոշորն է արյան հազվադեպ հիվանդությունների բուժման դեղամիջոցների շարքում: Դրա տարեկան վաճառքի ծավալը 10 միլիարդ դոլար է: Ակնկալվում է, որ մինչեւ 2023 թվականը դեղամիջոցի վաճառքի ծավալները կաճեն տարեկան ավելի քան 7 տոկոսով: