Զարուհի Փոստանջյանի համար միշտ մեղավոր են ներկայիս իշխանությունները: Նման կարծիք հունվարի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտնեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ հունվարի 21-ին Վրաստանի սահմանին արած հայտարարությունը:

«Ես կզարմանայի, եթե Զարուհի Փոստանջյանն այլ փաստարկներ ունենար»,- ասաց Բաղդասարյանը: Ինչպես նշեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, եթե Փոստանջյանին չի հաջողվում բողոքի ակցիաներ կազմակերպել ԱՄՆ-ում, ապա դրանում նա եւս Հայաստանի իշխանություններին է մեղադրում: Դրանից, ըստ Վահրամ Բաղդասարյանի, հետեւում է, որ ՀՀԿ-ն ազդեցություն ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ Վրաստանի մաքսային ծառայողները նախօրեին արգելել էին նրա մուտքը երկիր: Այս կապակցությամբ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ վրացական կողմը նման միջոցառումներ է ձեռնարկել Հայաստանի իշխանությունների խնդրանքով: