Մենք նոր քաղաքական խթան ենք հաղորդում մեր ոլորտային համագործակցությանը, որտեղ վերջին 2 տարիների ընթացքում մենք գրանցել ենք զգալի հաջողություններ, եւ կենտրոնանում ենք ենթակառուցվածքային կապերի վրա: Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին»՝ ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Ներկայացնում ենք Արփինե Հովհաննիսյանի ելույթն ամբողջությամբ.

«Այսօր ես կցանկանայի ձեզ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած մի շարք զարգացումներ, որոնք մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունեն. Հայաստան-ԵՄ հարաբերություններ, որտեղ մենք մեկնարկել ենք կարեւոր փուլ: Նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր»:

Համաձայնագիրըս նոր էջ է բացում Եվրոպական միության հետ մեր համագործակցության մեջ՝ նոր հնարավորություններ ստեղծելով մեր գործընկերության հետագա ընդլայնման համար: Փաստաթղթի հիմքում ընկած է եվրոպական արժեքների ընդհանուր բազան` կայուն հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության նկատմամբ: Այն կխորացնի մեր համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, ներդրումների ոլորտներում՝ ընդլայնելով մեր հասարակությունների մերձեցումը: Մենք նոր քաղաքական խթան ենք հաղորդում մեր ոլորտային համագործակցությանը, որտեղ վերջին 2 տարիների ընթացքում մենք գրանցել ենք զգալի հաջողություններ, եւ կենտրոնանում ենք ենթակառուցվածքային կապերի վրա: Մի շարք կենսական կարեւոր հարցերի հետ մեկտեղ, համաձայնագիրը կոչ է անում միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը եւ խթանել հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը:

Ինչպես նշել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, սա միակ նման համաձայնագիրն է, որը կնքվել է ԵՏՄ անդամ երկրի ու ԵՄ միջեւ:

Հարգելի գործընկերներ, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մենք, Հայաստանում, մեծ նշանակություն ենք տալիս տարբեր ինտեգրացիոն նախագծերին: Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, երկխոսությունն ու փոխգործակցությունը առավել, քան երբեւէ կարեւոր է: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, մենք ականատես ենք լինում բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ ավելի մեծ մասշտաբի հետեւանքներ:

Հետեւաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության եւ խաղաղության ապահովման համար: Տարբեր ինտեգրացիոն կառույցների միջեւ համագործակցությունը կարող է մեծապես նպաստել ընդհանուր տարածության ձեւավորմանը՝ առանց բաժանարար գծերի:

Մեր ամուր դիրքորոշումն այն է, որ մեկ ինտեգրացիոն համայնքում մասնակցությունը չի սահմանափակում այլ կառույցների հետ համագործակցության հնարավորությունը: Սա Եվրասիական տնտեսական միությունում մասնակցության եւ Եվրամիության հետ մեր համագործակցության մեր բանաձեւն է: Ինչպես նշում է Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրախորհրդարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի հանձնարարականում 2017 թվականի նոյեմբերի գագաթնաժողովի նախաշեմին` «Հայաստանի հետ «Համակողմանի եւ ընդլայնված գործընկերություն» համաձայնագիրը ծառայում է որպես օրինակ այն բանի, թե ինչպես կարող են գոյակցել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունը եւ մասնակցությունը ԵՄ հարեւանության քաղաքականությանը»: Այսօր մենք հպարտ ենք, որ Հայաստանը հաջողել է այդ դիվերսիֆիկացիայում: Սա մեր հաջողության պատմությունն է»: