ԱՄՆ փոխնախագահը Մայքլ Փենսը հայտարարել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի մինչեւ 2019 թվականի վերջ: Այս մասին երկուշաբթի, Քնեսեթում ելույթ ունենալով, ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջիկա շաբաթների ընթացքում մեր վարչակազմը կզբաղվի Երուսաղեմում դեսպանատուն բացելու հարցով եւ ԱՄՆ դեսպանատունը կբացվի այնտեղ մինչեւ հաջորդ տարվա վերջ, - ասել է նա: - Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է եւ այդ համատեքստում նախագահ Թրամփը կարգադրել է Պետդեպարտամենտին սկսել Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատան տեղափոխման  նախնական աշխատանքները»:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  եւ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու մասին: Երեքշաբթի երեկոյան Մերձավոր Արեւելքի շրջագայության շրջանակներում Փենսը եռօրյա այցով ժամանել է Իսրայել:

Նրա այցը ի սկզբանե նախատեսված էր 2017-ի դեկտեմբերին, սակայն հետաձգվել էր արաբական աշխարհում Թրամփի հայտարարության արձագանքի պատճառով:

Քնեսեթում Փենսի ելույթը սկզբում ընդհատվել էր «Միավորված արաբական ցուցակ» խմբակցության պատգամաբվորների պատճառով, որոնք փորձել էին տապալել նրա ելույթը: Սակայն  նրանց դահլիճից դուրս են հանել, որից հետո Փենսը հայտարարել է, որ իր համար պատիվ է գտնվել Երուսաղեմում՝ Իսրայելի մայրաքաղաքում: