Եվրամիությունը չափազանց մտահոգված է Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությամբ եւ կարծում է, որ դա կարող է խաթարել Ժնեւում սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների վերսկսումը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես չափազանց մտահոգված եմ, նախարարների հետ հանդիպման սկզբում մենք քննարկեցինք այդ հարցը, ես այն  կքննարկեմ նաեւ մեր թուրք գործընկերների հետ, առաջիկա օրերին նախարար Չելիկը կայցելի Բրյուսել»,- ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո լրագրողներին  ասել է Մոգերինին:

Նրան մի կողմից անհանգստացնում է մարդասիրական իրավիճակը:

«Մենք պետք է երաշխավորենք հումանիտար հասանելիությունը եւ պետք է խուսափենք ռազմական գործունեությունից քաղաքացիական բնակչության եւ ժողովրդի տառապանքներից», - ասել է Մոգերինին:

Բացի այդ, նա նշել է, որ անհրաժեշտ է նաեւ ապահովել, որ ցանկացած ռազմական գործողություն կենտրոնացած լինի ԻՊ դեմ պայքարում:

  «Երկրորդ խնդիրը, որ մտահոգում է ինձ եւ մեզ, այն է, որ դա, ի թիվս այլ բաների, ներառյալ Սիրիայում այլ դերակատարների ռազմական գործողությունների, կարող է լրջորեն վնասել Ժնեւում բանակցությունների վերսկսմանը», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: