2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 101,5 տոկոս, այսինքն արձանագրվել է 1,5 տոկոս գնաճ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:

Նրա խոսքով, 2017-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101 տոկոս, այսինքն գնաճը կազմել է 1 տոկոս: Այդ թվում սպառման ապրանքներն աճել են 2,1 տոկոսով, դրանցից սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ խումբը՝ 4,1 տոկոսով, ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ խմբում արձանագրվել է 3,2 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1,8 տոկոսի չափով: Ծառայությունների սակագները նվազել են 1,3 տոկոսով:

Ստեփան Մնացականյանը նշեց նաեւ, որ 2017-ի դեկտեմբերին 2016-ի նկատմամբ սպառողական գների աճը կազմել է 2,6 տոկոս: Այդ թվում սպառման ապրանքներն աճել են 4,2 տոկոսով, դրանցից սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ խումբը՝ 5,5 տոկոսով, ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ խմբում արձանագրվել է 4 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների գների ինդեքսը կազմել է 98,3 տոկոս, այսինքն նվազում 1,7 տոկոսի չափով: Ծառայությունների սակագները նվազել են 0,5 տոկոսով:

Վիճակագրության ծառայության պետը նկատեց, որ գների այդ աճերը տեղի են ունեցել հիմնականում 2017-ի 4-րդ եռամսյակում. «Այդ ժամանակ կուտակային գնաճը կազմել է 4,4 տոկոս: Այդ թվում սպառման ապրանքներն աճել են 10,3 տոկոսով, դրանցից սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ խումբը՝ 9,3 տոկոսով, ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ խմբում արձանագրվել է 1 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների կուտակային գնաճը 4-րդ եռամսյակում կազմել է 2,5 տոկոս, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 0,03 տոկոս»:

Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք. Շարմազանովն ու Փաշինյանը բանավիճեցին