Հավի միսը էժանացել է 20 տոկոսով,  14 տոկոսով շաքարավազը, 5-6 տոկոսով՝ ալյուրը, 53 տոկոսով՝ հնդկաձավարը: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, լսումները կազմակերպվել են պարզելու համար, թե հնարավոր էր առանձին ապրանքատեսակների թանկացումից խուսափել, սուբյետի՞վ է գնաճը, թե օբյեկտիվ, ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ եթե կա ոչ օբյեկտիվ գնաճ, այդ բացասական ազդեցությունը հասարակության համար մեղմանա:

«Որեւէ երկրում որեւէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով: Թող տպավորություն չստեղծվի, թե մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքատեսակներ թանկանում են եւ մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ»,-ասաց նա:

Անդրադառնալով գնաճի պատճառներին, Շարմազանովն ասաց, որ այդ պատճառներից մեկը միջազգային շուկայի գներն են, որի ազդեցությունը հնարավոր չէ մեկ հարվածով չեզոքացնել. «Մենք պարտավոր ենք մրցակցային պայմաններ ապահովել, ոչ թե գներ սահմանի: Իշխանությունը պետք է հնարավոր բոլոր բացասական ազդեցությունը մեղմացնի: Գյուղնախարարը նշեց, որ դիզվառելիքի թանկացումը, այո, բացասաբար է ազդում գյուղատնտեսության վրա, եւ արդեն ծրագրում ենք սուբսիդավորել մեր գյուղացիական տնտեսություններին: Սա մեխանիզմ է:Գնաճի դեմ կարելի է պայքարել մի քանի ձեւով. նախ ներքին արտադրությունը զարգացնելով, սուբսիդավորելով, եւ նաեւ օգտվելով այն այլընտրանքից, որը կա: Խոսքը ԵՏՄ-ի մասին է. ԵՏՄ-ին միանալը ոչ թե բացասաբար է ազդել, այլ ընդհակառակը, այլընտրանքային հնարավորություն է տալիս ավելի էժան ապրանքներ ներկրելու»:

Շարմազանովի խոսքով, բոլորս պետք է այնպես անենք, որ մեր հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ հնարավորություն ունենա իր ընտանիքը արժանապատիվ պահել. «Մենք պարտավոր ենք ավելի մեծ տնտեսական աճ ապահովել, քան գների աճը: Երկրորդ, մի՞շտ է, որ գնաճը վատ է. կարծում եմ արհեստական գների անկումը տնտեսական աճին վնաս է»: