Գնաճը հիմնականում պայմանավորված է արտաքին աշխարհից եկող գործոններով. մասնավորապես, վառելիքի ոլորտում միջազգային գները թանկացել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ լսումների ընթացքում եղան առաջարկներ, որոնք իրենք կքննարկեն, բայց կան նաեւ առաջարկներ, որ ընդունելի չեն:

«Օրինակ դեմ ենք առաջարկին, որ որոշ ապրանքատեսակների գծով ԱԱՀ չգանձենք, որովհետեւ նախ ԱԱՀ-ն վճարում ենք բոլորս, եւ դա բյուջեի եկամուտների կարեւոր մասերից մեկն է: Եթե մենք այդքանով քիչ ենք եկամուտ ստանում, ապա մեր ծախսերը, ներառյալ սոցիալական բնույթի, ի՞նչ աղբյուրից ենք ֆինանսավորելու: Տեղափոխելու ենք այլ հարկերի մե՞ջ, թե՞ պարտք ենք վերցնելու: Ճիշտ մոտեցումն այն է, որ ավելի մեծ հարկման բեռ դնել սպառման վրա եւ համեմատաբար քիչ բեռ դնել արտադրական գործոնների վրա՝ կապիտալ եւ աշխատուժ: Որովհետեւ բոլոր հարցերի պատասխանները բարձր տնտեսական աճ ունենալն է,-ասաց նախարարն ու հավելեց. «Եթե կա բարձր տնտեսական աճ, կունենանք սեփական եկամուտներ, նաեւ կկարողանանք պերմանենտ մեր դիտակետում պահել սոցիալական խնդիրները, այդ թվում թոշակների բարձրացումը: Մենք պարտավորություն ունենք բարձրացնել թոշակները: Հավակնում ենք նրան, որ թոշակառուն թոշակ ստանալով իրեն պաշտպանված ու ապահով զգա: Իսկ երբ ԱԱՀ-ն հանում ես, դու լավ վիճակի մեջ ես դնում նաեւ բարձր եկամուտ ունեցողներին, այդ թվում նաեւ Ֆինանսների նախարար Արամյանին»:

Նշենք, որ տնտեսագետ Արտակ Մանուկյանն էր լսումների ժամանակ առաջարկել, որ բնակչությանն ազատել էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի գծով ավելացված արժեքի հարկից: