Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ:

Ողջունելով Կարեն Կարապետյանին՝ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ ուրախ է հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին եւ այստեղ քննարկելու մոտ ապագայում շվեյցարական պատվիրակության Հայաստան կայանալիք այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Մենք գնահատում ենք ձեր անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. դա վերաբերում է եւ՛ Ցեղասպանության ճանաչմանը, եւ՛ Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշմանը, եւ՛ մի շարք այլ հարցերի», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հարկային, մաքսային, գյուղատնտեսության եւ մի շարք այլ որորտներում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ  անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել եւ վստահություն  է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու: Կարեն Կարապետյանը հատկապես շեշտել է, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ,  աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ  առկա է այն զարգացնելու մեծ ներուժ:

Կողմերը քննարկել են առեւտրական պալատի ստեղծման, ինչպես նաեւ՝ գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության եւ  նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի  ներգրավման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաեւ Երեւան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: