Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար: Այս մասին, Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարեւորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարեւոր դերակատարում ունենալ Հարավարեւելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի եւ մեր տարածաշրջանի միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Շատ կարեւոր է, որ մեր միջեւ որեւէ խնդիր չկա եւ մենք վճռական ենք խորացնելու երկկողմ համագործակցությունը», - նշել է Սինգապուրի փոխվարչապետը:

Կարեն Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար: Նա մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես՝ գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարեւորվել է նաեւ կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը: «Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի ազատ առեւտրի գոտու միջեւ: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առեւտրի ու ներդրումների աճին եւ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը», - նշել է վարչապետը:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ կրկնակի հարկումը վերացնելու կարեւորությունը եւ գոհունակությամբ նշվել է, որ համապատասխան համաձայնագրի մշակումը գտնվում է վերջնական փուլում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, եւ Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը: