Եթե գործարքները ճիշտ եւ ամբողջական փաստաթղթավորվեն, ապա հարկերի հաշվարկման առումով խնդիրներ եւ ռիսկեր չեն արձանագրվի: Այս մասին նշել է ՊԵԿ-ի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ տարվանից մեկնարկած ՊԵԿ-բիզնես երկխոսության արդյունքում, ըստ խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի, արձանագրվել է իրացման շրջանառությունների եւ վճարված հարկերի ավելացում. «Թեպետ որոշ տնտեսվարողներ էականորեն բարելավել են հարկային վարքագիծն, այնուամենայնիվ, ռիսկեր դեռ կան: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, չգրանցված աշխատողներ. սրանք այն հիմնական խնդիրներն են, որ բնորոշ են գրեթե բոլոր ոլորտներին»:

Սուպերմարկետների եւ մանրածախ առեւտրով զբաղվողների մոտ արձանագրվել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրում, ալյուրի արտադրության ոլորտում՝ առանց փաստաթղթի ցորենի ձեռքբերում գյուղմթերք արտադրողներից, որոնք նույնպես իրացվել են առանց փաստաթղթի:

Հրուշակեղենի, թռչնի մսի, ձվի, մսամթերքի, կաթնամթերքի արտադրության ոլորտում արձանագրվել է արտադրական նորմերի ուռճացում, պարենային ապրանքների ներմուծման բնագավառում հարկային հաշիվներով գների խախտում, չգրանցված աշխատողների ռիսկեր եւ այլն:

Կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները: Տնտեսվարողների հավաստմամբ նման ձեւաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ քննարկել խնդիրները: Հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնուրույն հայտարարագրել պակաս վճարված հարկերը՝ զերծ մնալով հսկողական միջոցառումներից:

Երկխոսության ձեւաչափով բիզնեսի հետ քննարկումները շարունակվում են: