«Ելք» խմբակցությունն այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Նախագիծը ներկայացնում ենք ստորեւ, որի վերաբերյալ առաջարկները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով»,-գրել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ հայտարարությունը «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

Մտահոգված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարումների մասին ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում,

Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը,

Վրդովված լինելով, որ մինչեւ օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված չեն եւ զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,

Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչեւ օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,

Հայտարարում է, որ՝

1․ Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ՝ 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2․ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին:

3․ Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին:

4․ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել:

5․ Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին: