Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին կազմակերպված շրջագայության շրջանակում ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը փետրվարի 7-ին կժամանի Երեւան: Գավաթի միջազգային շրջագայությունը ՖԻՖԱ-ն կազմակերպում է 2006-ից «Կոկա-Կոլա Ընկերության» հետ համատեղ:

Գավաթի շրջագայությունը ֆուտբոլասերներին ընձեռում է Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը տեսնելու յուրօրինակ հնարավորություն եւ բազմապատկում Աշխարհի առաջնության նախօրեին կուտակված հուզմունքն ու սպասումները: ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերի 9-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական համալիրում: Մինչեւ տարվա վերջ այն հասցրել է այցելել Ռուսաստանի 16 քաղաք՝ ճամփորդելով ավելի քան 16 000 կմ: Հունվարի 22-ին Լոնդոնում մեկնարկել է Գավաթի շրջագայության երկրորդ փուլը. այսօր Գավաթը Շրի Լանկայի Կոլոմբոյում է:

Ընդհանուր առմամբ հունվար-ապրիլ ամիսներին Գավաթը կայցելի ավելի քան 50 երկիր: Այս տարի Գավաթի շրջագայությունը կներառի նաեւ 24 նոր երկիր, որտեղ նախկինում Գավաթը երբեք չի եղել: Մինչեւ 2006-ից 2022-ը «Կոկա-Կոլա Ընկերությունը» շրջագայությունների շրջանակում Գավաթը կներկայացնի բոլոր 211 ՖԻՖԱ անդամ-երկրներում:

Գավաթի Երեւան այցելության ժամանակ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից կազմակերպված պաշտոնական միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀՀ նախագահի կողմից Գավաթի ընդունման արարողությունը:

Երկրից երկիր ֆուտբոլի աշխարհի առաջնության Գավաթը շրջագայում է «Կոկա-Կոլա Ընկերության» հատուկ բրենդավորված չարտերային ինքնաթիռով: Մայիսին այն կվերադառնա Ռուսաստան՝ իր շրջագայությունը շարունակելով երկրի տարածքում, իսկ հուլիսի 15-ին կհանձնվի Աշխարհի առաջնության հաղթող թիմին: 

«Կոկա-Կոլա Ընկերությունը» ՖԻՖԱ-ի ամենահավատարիմ աջակիցներից է: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ մարզադաշտերում «Կոկա-Կոլա Ընկերության» գովազդը տեղադրվում է դեռեւս 1950-ից, իսկ ՖԻՖԱ-ի հետ պաշտոնական գործակցությունը մեկնարկել է 1974-ին: