Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:

«Ակցիոնա»-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոզե Մանուել Էնտրեկանալեսի եւ «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արեւային եւ հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է, որպեսզի ընկերության կողմից Հայաստանում մեկնարկած ծրագրերն ընդլայնվեն եւ ընդգրկեն ոչ միայն վերականգնվող էներգետիկայի, այլեւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։

«Ակցիոնա» -ի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վերականգնվող էներգետիկայի բնագավառում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրի կապակցությամբ եւ նշել, որ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային այլ հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին եւ զարգացման ուղղություններին:

Աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող «Ակցիոնա» ընկերությունը Իսպանիայի խոշոր բիզնես ընկերություններից է, որն առաջատար է ենթակառուցվածքների զարգացման, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման եւ ծառայությունների ոլորտներում: Ընկերությունն այլընտրանքային էներգետիկայի արտադությանն ուղղված ծրագրեր է իրականացնում նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզում: