Բիթքոինը կարող է օգնել Հայաստանին բարձրացնել թափանցիկությունը ընդերքօգտագործման ոլորտում: Նման կարծիք հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Blockchain Technologies Corporation-ի տնօրեն, բիթքոինի միջազգային փորձագետ Նիք Սպանոսը:

Նրա խոսքով՝ բիթքոինի հետ գործարքները կարող են ապահովել հանքարդյունաբերության, ադամանդների եւ այլ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտի հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

«Մենք ժամանել ենք Հայաստան, որպեսզի ներկայացնենք բլոկչեյն եւ կրիպտոարժույթի տեխնոլոգիաների առավելությունները, բացատրել, թե ինչպես այդ տեխնոլոգիաները կարող են նպաստել երկրի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց Նիք Սպանոսը:

Միջազգային փոձագետը հասցրել է նկատել, որ Հայաստանում բիթքոինով հատկապես հետաքրքրված են սթարթափերները, որոնք կրիպտոարժույթի հետ աշխատելու մեծ ներուժ չունեն: «Կարելի է բիթքոինին կողմ լինել, կարելի է դրան դեմ լինել, սակայն ասել, որ բիթքոինը չի աշխատում, չի կարելի. բիթքոին օգտագործողների թիվը անսպասելի մասշտաբով մեծացել է»,- ասաց փորձագետը: