Հայաստանը կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների համար: Այս մասին, Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը եւ Լիբանանն ավանդաբար ամուր եւ բարեկամական հարաբերություններ են ունեցել, եւ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է  դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաեւ կարեւորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ ամուր կապերի առկայության տեսանկյունից: 

Կարեն Կարապետյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու նախաձեռնված բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել,  եւ  կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ  Հայաստանը, լինելով  ԵՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առեւտրային ռեժիմ եւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր,  շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր հերթին նշել է, որ իրենք մտադիր են  սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ եւ պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: 

Սաադ Հարիրին վարչապետ Կարեն Կարապետյանին հրավիրել է այցելել Լիբանան, որը սիրով ընդունվել է Հայաստանի վարչապետի կողմից: