Հայաստանում մտադիր են ընդերքի օգտագործման եւ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում թափանցիկությունը մեծացնել: Համապատասխան օրինագիծը, որով մի շարք լրացումներ են նախատեսված Ընդերքի մասին օրենսգրքում, Հարկային օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, հավանություն ստացավ կառավարության հունվարի 25-ի նիստում: Օրենսդրական փաթեթը նորկայացրեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ լրացումների նպատակն է ազգային օրենսդրության համապատասխանության ապահովումը միջազգային «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (ԱՃԹՆ) կոալիցիայի ստանդարտներին: «Այս ստանդարտներով նախատեսվում է ամենամյա հաշվետվություն ընդերքի օգտագործման համար պետության տրամադրած թույլտվությունների, արդյունահանման ծավալների, հարկային մուտքերի եւ օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում  այլ տեղեկությունների մասին»,- նշեց նախարարը:

Նա պարզաբանեց, որ ներկայումս Հայաստանի օրենսդրությունը ընդերքի օգտագործման ոլորտում գործունեության թափանցիկության մասին դրույթ ունի, սակայն հստակ չի պարզաբանում, թե հատկապես ինչպիսի տեղեկություններ եւ ինչ սկզբունքով են հրապարակման ենթակա: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդերքի օգտագործման թույլտվություններ տրամադրելու ոլորտում որոշակի հրապարակայնություն կա, սակայն դրանց իրավական հիմնավորվածությունը չի պարզաբանվում: Նաեւ չեն հրապարակվում տեղեկություններ տրամադրվող ռեսուրսների քանակի եւ արդյունահանման ծավալների մասին»,- ասաց Մանուկյանը՝ շարունակելով, որ դրանից բացի, ընկերությունները հաճախ տեղեկությունները չեն հրապարակում՝ վկայակոչելով կոմերցիոն գաղտնիքը, քանի որ օրենքով ամրագրված չէ, թե որ տեղեկություններն են կոմերցիոն գաղտնիք համարվում: 

Լրացումներով նաեւ նախատեսվում է ընդերքի օգտագործման ոլորտում գործունեության հրապարակայնության մասին պահանջների խախատումների համար տուգանքների ներդրում: Մասնավորապես՝ կառավարության աշխատակազմ եւ իրավասու մարմիններ հրապարակային հաշվետվության ներկայացման ժամկետների խախտման համար համապատասխան պաշտոնատար անձինք կտուգանվեն 150 հազար դրամով: Եթե տուգանքի կիրառումից հետո ընկերությունը 10 օրվա ընթացքոեւմ համապատասխան հաշվետվությունը չներկայացնի, պատասխանատու պաշտոնատարները կտուգանվեն արդեն 200 հազար դրամով: Մեկ տարվա ընթացքում պահանջի կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկազմի 300 հազար դրամ:

Հայաստանը ԱՃԹՆ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2016 թվականին, իսկ 2017-ի մարտին ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ: