Կառավարությունը բավարարեց «ՄԼ Մայնինգ» ԲԲԸ հայտը տեխնիկական սարքավորման եւ կոմլեկտավորման, հումքի եւ նյութերի մատակարարումներից հարկվող մաքսատուրքից ազատելու մասին: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հունվարի 25-ի նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ ընկերությունը 2,065 մլն դրամ արժեքով սարքավորման եւ հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտ է ներկայացրել: Փոխնախարարի խոսքով՝ «ՄԼ Մայնինգ» ԲԲԸ ներդրումները այս պահին կազմում են 1 մլրդ դրամ, ընկերությունը մտադիր է  մինչեւ 2021 թվականը ներդնել եւս 2 մլրդ դրամ եւ 50 նոր աշխատատեղ ստեղծել՝ միջին ամսական 150 հազար դրամ աշխատավարձով: Ընկերությունը նաեւ մտադիր է հասնել արտադրության 200 մլն դրամ ծավալների:

Ներմուծվող հումքը կօգտագործվի լեռնահանքային արդյունաբերության մեջ: Ըստ որում՝ սարքավորումը չի կարող ներմուծվել ԵՏՄ երկրներից, քանի որ այդպիսին չի համապատասխանում ընկերության տեխնիկական պահանջներին: