ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հաջորդ տարի Երուսաղեմում արդեն գործելու է «փոքր» ԱՄՆ դեսպանատուն, ինչպես նաեւ պաղեստինցիներին սպառնացել է  դադարեցնել ԱՄՆ օգնության մատակարարումը, եթե նրանք Իսրայելի հետ բանակցային սեղանին չնստեն: Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Իսրայելի հետ մեր հարաբերությունները ուժեղ են եւ զարգանում են շատ ոլորտներում, այդ թվում առեւտրի», - ընդգծել է նա: - Շատ կարեւոր եւ պատմական  փաստ է այն, որ մենք ենք մեր դեսպանությունը Երուսաղեմ ենք տեղափոխում: Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի այնտեղ կբացվի դեսպանատան փոքր մասը»:

Ըստ Թրամփի՝ պաղեստինցիները «անհարգալից վերաբերմունք են ցուացբերել»  մեկ շաբաթ առաջ՝ հրաժարվելով հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: «Մենք նրանց հարյուր միլիոնավոր դոլարներ ենք տալիս», - ավելացրել է նա: «Այդ գումարները, որոնք նրանց տրամադրվում են, կարող են քննարկման առարկա դառնալ, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ խաղաղության շուրջ բանակցություններ չսկսեն: Ես ուզում եմ ընդգծել, որ Իսրայելը իսկապես խաղաղություն է ցանկանում, եւ նրանք [պաղեստինցիները] նույնպես պետք է խաղաղության ձգտեն, այլապես մենք նրանց հետ գործ չենք ունենա»:

Բանակցություններում Երուսաղեմի հարցը դժվար էր, ասել է Թրամփը: «Բանակցողները չկարողացան այն լուծել: Մենք այդ հարցը հանեցինք օրակարգից»: Նրա խոսքով, «դա կանդրադառնա բանակցությունների ընթացքին, եթե դրանք երբեւէ սկսվեն»: