Պաղեստինցիների հետ խաղաղության մասին ցանկացած ապագա համաձայնագրի շրջանակում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը կմնա: Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկացած խաղաղ համաձայնության դեպքում Երուսաղեմը կմնա Իսրայելի մայրաքաղաք, եւ մեր կառավարությունը կշարունակի մնալ Երուսաղեմում», - ասել է նա Դավոսում:

Նրա խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով «պատմություն ստեղծեց՝ ընդամենը ճանաչելով պատմությունը»:

 «Աշխարհը կարող է հիմնվել միայն իրականության եւ ճշմարտության վրա, իսկ ժխտումն այն փաստի, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, միայն խաղաղության հաստատումը   հետ է մղում՝ անիմաստ պատրանք ստեղծելով», - ասել է Նեթանյահուն:

Նա նաեւ խոստացել է, որ «ցանկացած խաղաղ համաձայնագրի դեպքում Իսրայելը միշտ կպահպանի Տաճարի լեռան ստատուս քվոն եւ Երուսաղեմի բոլոր այլ կրոնական սրբավայրերի»: «Դա մեր քաղաքականությունն է եւ մեր սկզբունքը», - ավելացրել է Կառավարության ղեկավարը: