Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը  Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ բազմաթիվ այլ բնագավառներում:

ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները եւ վստահեցրել է, որ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում:

ԱԶԲ նախագահը նշել է, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն:

Կարեն Կարապետյանը Թեքհիկո Նակաոյին հրավիրել է այցելել Հայաստան, եւ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահն իր այցը կկատարի 2018թ. առաջին կիսամյակում: