ԳՁՕ-ի առավելությունն այն է, որ աշխարհի շատ երկրներում մարդկությանը փրկում են սովից: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով, օրինակ արագաճ բարդիները գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ են, բայց շատ լավ արդյունք են տալիս: «Այդ բարդին արագ աճում է: Այսինքն բնապահպանական տեսանկյունից եթե պետք է արագ կանաչապատել, ծառապատել տարածքը, քիչ ներդրումներով դա կարող են անել»,-ասաց նա:

Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին օրենքը նշում է, որ ԳՁՕ-ի պարունակությունը չպետք է գերազանցի 0,9 տոկոսը. «Մեր խանութներում էլ նույնիսկ հայկական ապրանքների մեջ, արդեն կտեսնեք, որ մակնշված է, որ զերծ է ԳՁՕ-ից: Նշանակում է՝ քայլ կա այդ ուղղությամբ: Արտադրության հետ կապված, որքան ես տեղյակ եմ, իտալական Genetic seeds ֆիրման փաթեթավորում եւ իրացնում է այդպիսի արտադրանք, թեեւ Իտալիայում չեն մշակվում այդպիսի սերմեր: Եթե դա թույլատրվում է, չեմ կարծում, որ Եվրոպան թույլ տա նման վտանգավոր բանը իրացնել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում Հայաստանը պետք է զգուշություն ցուցաբերի այս հարցում: