Հայաստանի խանութներում ապրանքները կամ մակնշված չեն, կամ թերի են մակնշված, փաստորեն մեր սպառողը տեղեկացված չէ, թե ինչ է ուտում: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նա հարց ուղղեց հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանին, թե ո՞վ է դրա պատասխանատուն, քանի որ եթե պատժամիջոցներ չկիրառվեն, ոչ մի օրենք չի գործի. «Շատ հաճախ թերի մակնշմամբ պիտակը փակցնում են հենց այն տեղում, որտեղ ամբողջական տեղեկատվություն կա ռուսերենով կամ անգլերենով ու սպառողը չի ստանում անհրաժեշտ տեղեկատվություն»,-ասաց Չիլինգարյանը:

Ի պատասխան գյուղատնտեսության փոխնախարարը նկատեց, որ այդ դաշտը կանոնակարգված է, կա համապատասխան օրենք եւ ծառայություն՝ ՍԱՊԾ-ն. «Օրենքի շրջանակներում այդ աշխատանքները կատարվում են, հատկապես վերջին ժամանակներում շատ պատշաճորեն: Կա նաեւ սպառողների շահերի պաշտպանության կազմակերպություն, որոնք խանութներում տեսնում են ու անմիջապես արձագանքում, ու հարցը լուծում է ստանում:

Ձեր մտահոգությունը կիսում եմ, բայց երբ դուք տեսնում եք, որ պիտակը կպցված է տեղեկատվության վրա, պիտակը պոկում եք, կարդում եք: Եթե կա ռուսերենը, կարդում եք: Եթե կարծում եք, որ դա դիտավորությունը, ես այդպես չեմ կարծում: Եթե ուզում եմ կարդալ, կպոկեմ պիտակը ու կկարդամ: Եթե խանութի տերն էլ ասի՝ ինչի ես պոկում, կարող եմ ասել, որ դա իմ շահերի պաշտպանությանն ուղղված իմ իրավունքն է: Կարողմ եմ չգնել ապրանքը ու դնել տեղը»: