Զարգացած երկրներում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ հանդիսացող մթերքը էկո մթերքի հետ համեմատած գնային շատ լուրջ տարբերություն ունի, միանշանակ էկո-սնունդը շատ ավելի թանկ արժե, հետեւաբար, պարզ է, որ ավելի առողջարար է էկոմթերք օգտագործել: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը:

Նրա խոսքով, աշխարհում ԳՁՕ-ների կիրառությունը բացատրվում է նրանով, որ պետք է ապահովել երկրագնդի աճող բնակչության կարիքները. «Հիմա Հայաստանում բնակչության աննախադեպ աճ չունենք, որպեսզի սրանով փրկենք բնակչությանը, բայց մեր ժողովուրդն ունի սնվելու խնդիր: Չե՞ք կարծում, որ այս տեսակի սննդամթերքի տարածումը խոցելի խավի համար խնդիր է դառնալու առողջապահական տեսանկյունից, երբ խոցելի խավը կորցնելու է առողջությունը»,-ասաց նա՝ հարց ուղղելով Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանին:

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ իր նշած 29 երկրներում ոչ թե օգտագործվում են այդ մթերքները, այլ մշակվում են նման մթերքներ ու արտահանում են այլ երկրներ:

«Ինչքան հնարավոր է, ես մեր քաղաքացիներին կոչ կանեի տեղական ծագման սննդամթերք գնել: Մենք ունենք լավագույն մշակաբույսերի սերմեր, այդ թվում տեղական: Բնական է, որ ինքնարժեքով գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքը էժան կլինի, որովհետեւ բերքատվությունը բարձր է, իսկ մեր տեղական օրգանիկը թանկ կլինի, քանի որ թունաքիմիկատներից զեծ է: Ես կոչ կանեի, որ մեր կանայք թող մտածեն ազգի ֆիզիկական ավելացման մասին, աճի մասին։ Իսկ սննդամթերքի տեսանկյունից ՀՀ-ում, այս պահին, սովի հետ կապված որեւէ վտանգ չկա: Գուցե սպառողական զամբյուղի հետ կապված կա խնդիր, բայց անգամ անապահով խավն էլ սնվում է մաքուր հացով, մաքուր պանիրով, կաթով ու մսով»,-ասաց Հարությունյանը:

Լուիզա Սարգսյանն էլ արձագանքեց, որ մթերքները մեր ժողովրդի մի մեծ զանգվածին հասու չեն, ուստի եթե գնային տարբերություն մտնի ԳՁՕ-ի եւ էկոմթերքների միջեւ, էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների երեխաները: