Վանաձոր ՋԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը վերջերս վերջապես ստացել է տարիներ շարունակ կուտակված աշխատավարձերը: ՁԷԿ-ի աշխատակիցները դեռեւս 2011թ.-ի 5 ամիսների աշխատավարձերն ստանալու համար պայքարեցին ավելի քան 6 տարի:

Սեփական քրտինքով վաստակածն ստանալու համար նրանք օգտագործեցին բոլոր լծակները, դիմեցին բոլոր պատկան մարմիններին՝ Լոռու մարզպետից մինչեւ ՀՀ վարչապետ ու նախագահ:

Նրանք նույնիսկ հրաժարվեցին աշխատավարձերի ուշացման համար հաշվարկվող տույժ տուգանքներից՝ համաձայնվելով բավարարվել միայն մայր գումարներն ստանալով:

Աշխատավարձի պարտքը, սակայն, մարվեց ոչ բոլոր աշխատակիցների համար: NEWS.am-ի տղեկություններով՝ ՋԷԿ-ի ղեկավար կազմին՝ 6-7 անձի, առաջարկվել է հրաժարվել աշխատավարձի 40 տոկոսից:

Նշված աշխատակիցներն այս մոտեցումը համարել են անընդունելի, մերժել առաջարկն ու աջակցության խնդրանքով դիմել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: