Արդեն կես դար է ինչ Երեւանի բլրին, կարծես թե պահպանելով քաղաքի անդորրը, վեր է խոյանում  Հաղթանակին եւ Փառքին նվիրված հուշարձանը:

Հուշարձանը (ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան) բացվել է 1950-ին՝ Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման 30-ամյակի առիթով:Սկզբում դրա վրա տեղադրված է եղել Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ստալինի արձանը: Ստալինի մահից հետո արձանն ապամոնտաժվել է եւ 1967-ին Մայր Հայաստանի արձանն է տեղադրվել:  Հայկական ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը ստեղծել է սուրը պատյանի մեջ դնող մոր կերպար՝ Հաղթանակ մարմնավորելով Երկրորդ Համաշխարհային պատերազմում:

1970-ին այստեղ Մեծ Հայրենական պատերազմում հայերի մասնակցությանը նվիրված թանգարան է բացվել: 1995-ից թանգարանն անցել է Պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Այդ ժամանակվանից երկու մշտական ցուվադրություն է գործում՝ մեկը նվիրված է Արցախի ազատագրական պատերազմին, մյուսը՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը:

Բանակի օրվա կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցները այցելել են թանգարան եւ ծանոթացել ցուցադրության առաջին մասի հետ:

Դրա մասին ընթերցողներին պատմում է ՊՆ ռազմապատմական թանգարանի գլխավոր խորհրդատու Լիլիա Առուշանյանը (ֆոտոռեպորտաժ

Ղարաբաղյան խաղաղ շարժումը սկսվեց Միխայիլ Գորբաչովի իշխանության գալուց հետո, նրա կողմից հայտարարված վերակառուցման եւ հրապարակայնության շրջանից հետո: Այդ տարիների նկարները արտացոլում են ցուցարարների խաղաղ տրամադրությունը, հավատը եւ արդար որոշման հույսը: Լուսանկարներում ներկայացված են  խաղաղ հանրահավաքները, երթերը եւ ստորագրահավաքները: Ադրբեջանը դրան արձագանքեց շրջափակմամբ եւ հետագայում արյունահեղությամբ՝ Սումգայիթի ջարդով, Գանձակով, Բաքվի «Սեւ հունվարով», տեղի ունեցավ կոտորած, որի արդյուքնում Ադրբեջանից ավելի քան 420 հազար հայեր թողեցին իրենց տները եւ դարձան փախստականներ: 

Երբ պարզ դարձավ, որ հարցը խաղաղ ճանապարհով չի կարող լուծվել, սկսեցին ձեւավորվել «Երկրապահ» ինքնապաշտպանական ջոկատները: 1991 թվականի վերջում եւ 1992 թվականի սկզբին Արցախում ձեւավորվել են ավելի քան 10 վաշտ եւ դասակ: Հայաստանում ավելի քան 100 կամավորական ջոկատներ իրենց վրա վերցրին պատերազմի առաջին ամիսների ծանրությունը:

Թանգարանում ցուցադրվում են լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր, ինքնաշեն զենքեր: Գրեթե յուրաքանչյուր գյուղ, հատկապես սահմանամերձ շրջաններում, ունեցել է իր ինքնապաշտպանական ջոկատը: Մարդիկ զինվում էին ինչով կարող էին` որսորդական հրացաններով, ինքնաշեն ատրճանակներով եւ պաշտպանում էին իրենց տները եւ հարազատներին: Թանգարանում կա նաեւ «զավթած դրոշ», որը պատերազմի ժամանակ փոխանցվել է թանգարանին:

Լուսանկարներից նայում են ինքնապաշտպանության մարտիկները: Շատերը չեն վերադարձել պատերազմից:

Վերադարձողները հաճախ այցելում են թանգարան եւ կիսվում են զոհված ընկերների եւ պատերազմի տարիների հիշողություններով: Նկարներից մեկում Զանգելանի գրավումից առաջ տարբեր ջոկատներից ժպտացող զինվորներ են պատկերված: Ինքնապաշտպանության ստորաբաժանումները հետագայում զորամասերի ձեւավորման համար հիմք դարձան:

Երկու ստենդներ նվիրված են Շահումյանի եւ Գետաշենի քաջ պաշտպաններին` Շահեն Մհերյանին, Թաթուլ Կրպեյանին, Սիմոն Աչիգեյզյանին եւ շատ ուրիշներին: Ինչպես նաեւ «Կոլցո» օպերացիայի զոհերին, որոնց ընթացքում 1991 թվականի ապրիլի 30-ից մայիսի 6-ը ադրբեջանական ՕՄՈՆ-ը նախկին ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ ստորաբաժանման օժանդակությամբ իրականացրեց հատուկ մշակված աշխատանք: Արդյունքում ավերվեցին Շահումյանի եւ Գետաշենի գյուղերը, շուրջ 3,5 հազար մարդ արտաքսվեց: Շատ մարդիկ մահացան եւ անհետ կորան:

 

Ստենդներից մեկը՝ «մեր ժամանակի հերոսներ» անվանումով, նվիրված է զոհված զինվորներին ու սպաներին, ովքեր նահատակվեցին 2016-ի ապրիլին մեր հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ: Թանգարանը նախատեսում է ընդլայնել ցուցահանդեսի այս հատվածը: Բացի այդ, կան պատերազմի մասնակիցների անձնական իրերը, որոնք տրվել են  հարազատների կողմից:

«Մեզ բացակա մի դրեք» ստենդը նվիրված է անհետ կորածներին:

1992 թվականի հունիսին Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումները անցան լայնածավալ հարձակման: Արցախի ապագան վտանգված էր: Օգոստոսի 15-ին Հայաստանի պետական ​​հեռուստատեսությունը մի քանի անգամ հեռարձակեց ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կոչը հայ ժողովրդին, որը կամավորներից հատուկ գումարտակի ստեղծման անհրաժեշտության մասին հայտնեց, որոնք պատրաստ կլինեին ամենաթեժ կետերում կռվել: Բառացիորեն հաջորդ օրը, կամավորների թիվը հասավ 1500-ի, որոնցից 375 կամավորներ ընտրվեցին: Օգոստոսի 30-ին ստեղծվեց մահապարտների գումարտակը: «Արծիվ-1», «Արծիվ-2» եւ այլ ջոկատները ուղարկվել են ճակատի ամենաթեժ՝ Մարտակերտի կետ:

Այս բաժնում ներկայացված փաստաթղթերը, լուսանկարները եւ անձնական իրերը պատմում են ջոկատների ստեղծման պատմությունը եւ կամավորների մարտական ուղու մասին: 

Մոտ 157 կանայք կամավոր ռազմական գործողություններին են մասնակցել՝ բուժքույրեր եւ հետախույզներ, լրագրողներ եւ դիպուկահարներ: 19 հայազգի դուստրերը մահացել են հերոսական մահով՝ Նունե Աբրահամյանը, Ստալինա Ասրյանը, Նարինե Առաքելյանը, Նաիրա Սահակյանը, Կարինե Գեւորգյանը, Լոլիտա Վարդանովան, Անուշ Ավագյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Հեղինե Բդոյանը, Կարինե Գեւորգյանը, Ռուզաննա Եսայանը, Քանաքարա Ղազարյանը, Գայանե Մարգարյանը, Մարգարիտա Սարգսյանը, Մարիետա Սարգսյանը, Ալվարդ Վարդանյանը, Աղավնի Տեր-Ստեփանյանը, մայր ու դուստր Կիզոխյան Ալվարդը եւ Արուսյակը: Ժաննա Գալստյանը Արցախի հերոսի կոչումով է պարգեւատրվել: Անահիտ Մարտիրոսյանը ջոկատի միակ կին հրամանատարն էր:

Ավիացիան պատերազմի ընթացքում շատ մեծ դեր է խաղացել: Արցախը շրջափակման մեջ էր, հաղորդակցությունը կատարվում էր ուղղաթիռներով: Արցախ էին առաքվում սնունդ ու զինամթերք, վիրավորներին էին տեղափոխում: Ստենդներին ինքնաթիռների եւ ուղղաթիռների անձնակազմի անուններն են, որոնք առաջին մարտական թռիչքներն են իրականացրել:

Պատերազմի աստվածը հրետանին է: Եվ առաջ եւ այժմ կարեւոր դեր է խաղում: Մահացած հրետանայինների լուսանկարներն են՝ `Առնո Տաթինցյան, Սուրեն Անտոնյան, Գուրգեն Արշակյան, Սամվել Սաֆարյան, Վահագն Հակոբյան: Հրետանին ձեւավորելու մեջ հսկայական ներդրում են կատարել Քրիստափոր Իվանյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Գրիգորի Գասպարյանը: Այդ ժամանակ Հայաստանից դուրս ապրող շատ սպաներ ամեն ինչ թողեցին եւ եկան:

Շուշիի ազատագրման տրամանկարն է, կողքը՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի օրիգինալ քարտեզը: Սա թանգարանի հպարտությունն է, այն թանգարանին հանձնվել է անձամբ Կոմանդոսի՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի եւ գործողության ղեկավար Արկադի Տեր-Թադեւոսյանի կողմից: Ձախ անկյունում «հաստատում եմ»՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, այդ ժամանակ նա է ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն:

Շուշին ադրբեջանցիների կողմից թեժ կետի էր վերածվել, որտեղից սկսած 1991 թվականի նոյեմբերից Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի վրա օր ու գիշեր կարկտի պես հրթիռներ եւ արկեր էին  թափվում:

Միայն Ստեփանակերտի վրա մոռ 15.000 ռումբ եւ հրթիռ է արձակվել: Արդյունքում քաղաքի ամբողջ ենթակառուցվածքը ավերվել է, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվել են, 10.000 բնակիչ անօթեւան է մնացել: Շարունակվող ռմբակոծությունը սպառնում էր Ստեփանակերտի վերջնական ոչնչացմանը եւ ողջ բնակչությանը: Շուշիի ազատագրումից հետո բանակը ուղեւորվեց Քաշաթաղ (Լաչին), այն ազատագրվեց մայիսի 18-ին: Այսպիսով, բացվեց կյանքի ճանապարհը, Արցախը վերամիավորվեց Հայաստանի հետ: 

Հաջորդ ստենդը նվիրված է Քարվաճառի շրջանի ազատագրման հրաշալի ծրագրված եւ իրականացված գործողությանը: Տարածաշրջանի ազատագրումը անխուսափելի էր, քանի որ այնտեղից կրակում էին ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքը:

Պատմական փաստաթղթի՝ զինադադարի համաձայնագրի պատճենը, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ.Մամեդովի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանի կողմից, որի համաձայն հակամարտության կողմերը 1994 թվականի մայիսի 12-ի 00:01-ից պարտավորվում են ապահովել զինադադար եւ ռազմական գործողությունների դադարեցում:

Արցախյան պատերազմի տարիներին փառքի արժանացած հերոսների դիմանկարների կողքին, մեր ժամանակի հերոսների լուսանկարներն են՝  խաղաղ ժամանակ մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար ընկած զինվորների ու սպաների: