Սաուդյան Արաբիայի իշխանությունները ազատ են արձակել հայկական արմատներ ունեցող սաուդցի արքայազն Ալ -Վալիդ իբն Տալալին, հայտնում է Reuters-ը։

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ Ալ Վալիդին ազատ են արձակել շաբաթ ։ «Նա տուն է վերադարձել»։ Սաուդցի պաշտոնյաները պաշտոնապես չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։

Ավելի վաղ հայտնել էին, որ կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված արքայազն Ալ Վալիդ բին Տալալը բանակցում է իշխանությունների հետ՝ ծագած տարաձայնությունները կարգավորելու համար։

Նա առաջարկել էր «նվիրատվություն» Սաուդյան Արաբիային, որից հետո արքայազնի դեմ մեղադրանք չի առաջադրվել։ Բայց իշխանությունները, մասնավորապես երկրի գլխավոր դատախազը, այդ գումարին չէին համաձայնել։

Նաեւ կալանավորվել էր նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Վալիդ իբն Տալալը։ Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Ալ Վադիդը Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, հունվարի 14-ի դրությամբ Bloomberg-ը նրա կարողությունը գնահատում է 17․7 մլն դոլար։ Արքայազնը Kingdom Holding Co ընկերության ղեկավարն է, որի բաժնետոմսերը նրա կալանավորումից հետո արժեզրկվել են, ինչի հետեւանքով բին Տալալի կարողությունը նվազել է 1․2 մլրդ դոլարով։ Մինչեւ կալանավորումը այն 19 մլրդ դոլար էր գնահատվում։

Հիշեցնենք, որ անցած տարի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել էին թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ՝ թե գործող , թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ։ Նրանց բոլորին տեղավորել էին Էր Ռիադի Ritz հյուրանոցում, որտեղ նրանց հետ բանակցություններ են վարում մինչդատական ֆինանսական համաձայնագրերի մասին, որոնց շրջանակներում արքայազները կարող են վճարի դիմաց ազատ արձակվել, ինչը հնարավորություն կտա  զգալիորեն համալրել պետական գանձարանը։