Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ, փոքրի ջերմոցային տնտեսություն ունեցող Ալիկ Պետրոսյանը բաց նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին՝ իր բողոքը հայտնելով, որ թեեւ կարգածոսների մակարդակով խոսվում է փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մասին, սակայն այն գործի չի վերածվում:

Վարչապետին ուղղված նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Պարոն վարչապետ, դիմել եմ տարբեր պատկան մարմինների, սակայն խնդրին լուծում չգտնելու պատճառով որոշեցի դիմել Ձեզ բաց նամակով՝ ակնկալելով անձամբ Ձեր կամ Ձեր ներկայացուցչի ուշադրությունն ու աջակցությունը:

Կոչերի մակարդակով ասվում է՝ գյուղատնտեսությունը որպես գերակա ուղություն, Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավում, Հայաստանի ներդողների ակումբ, տեղական արտադրության խթանում եւ այսպես շարունակ: Ուզում եմ հասկանալ եւ համոզվել, թե կառավարության այս կարգախոսներից որն է իրականություն եւ փոքր գյուղացիական տնտեսություները իրականում ինչպիսի աջակցություն կարող են ակնկալել պետությունից:

Հակիրճ ներկայացնելով հարցիս էությունը, որը վերաբերվում է մեր երկրում վարկային ռեսուրսների հասանելիությանն ու մատչելիությանը ուզում եմ նշել, որ անհատ ֆերմեր եմ եւ Արարատի մարզի Բերքանուշ համայնքում ունեմ շուրջ 1000 քմ գործող ջերմոցային տնտեսություն, որի զարգացման համար ինձ անհրաժեշտ է վարկային միջոցների ներգրավում:

Դիմել եմ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ եւ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» պետական բաժնեմասով գործող վարկային կազակերպությանը (որը նաեւ հանդիսանում է կառավարության ներքին տնտեսական քաղաքականություն իրականացնող կազմակերպություններից մեկը), սակայն ստացել եմ բացասական պատասխան՝ պատճառաբանելով , որ բարձր է վարկի տրամադրման ռիսկային գործոնը:

Ապրելով այսօրվա Հայաստանի Հանրապետության պայմաներում ուզում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք մեր երկրում մի ոլորտ, բնագավառ, որտեղ ներդրում կատարելը ռիսկային չէ փոքր տնտեսվարողների համար եւ եթե պիտի նախապատվությունը ավելի շատ տրվի խոշոր, կայացած եւ բարձր եկամտաբերություն ունեցող ընկերություներին, ապա նման պարագայում ի՞նչ ճակատագրի սպասեն փոքր տնտեսվարողները, որոնք չկարողանալով ներգավել համապատասխան ներդրումներ եւ չդիմանալով մրցակցությանը միգուցե դադարեն գոյություն ունենալուց:

Այնուամենայնիվ ունենալով մեծ հավատ պարոն վարչապետի անձի եւ գործունեության նկատմամբ, հույս ունեմ, որ խնդիրը կունենա դրական ինչ-որ մի լուծում»:

Նամակի հեղինակը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ խոսքը մոտ 13 մլն դրամի չափով վարկային միջոցի մասին է, որից 8 միլիոն դրամը անհրաժեշտ է այլ վարկային կազմակերպությունում ունեցած պարտավորությունը մարելու, մնացած 5 միլիոն դրամի չափով էլ անհրաժեշտ է ջերմատան համար Հոլանդիայից ծաղկի կտրոններ ներկրելու եւ միջին ճնշման գազատար կառուցելու համար:

«Թեեւ շուրջ 10 տարի է՝ զբաղվում եմ ջերմոցային տնտեսությամբ, սակայն ինձ վարկ տրամադրելուց այս պահին հրաժարվում են պատճառաբանելով , որ կոնկրետ այդ ծաղկի մշակումը նոր ոլորտ է ինձ համար եւ այդ հանգամանքը հաշվի առնելով ըստ իրենց ռիսկային գործոնը բարձրանում է:

Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում ամեն ոլորտում էլ կարելի է ռիսկեր տեսնել նունիսկ լոլիկի կամ այլ փորձված արտադրություներում եւ ի վերջո ռիսկի եւ պատասխանատվության կրողը բոլոր դեպքերում էլ վարկառուն է (ֆերմերն է) հանդիսանում»,-ասաց նա: