Վաղնջական ժամանակներից հայերի Նոր տարին  սկսվում էր Նավասարդի մեկից (օգոստոսի 11) եւ տեւում մեկ շաբաթ։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը:18-րդ դարում` Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի օրոք, որպես նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը եւ միայն 20-րդ դարի սկզբներից որպես տարվա սկիզբ համընդհանուր դարձավ հունվարի 1-ը:

Ինչպե՞ս էին նոր տարին դիմավորում երեկ

 Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի 30-31-ին, ամանորյա խմորեղեն պատրաստելով: Խմորեղենի մեջ ամենագլխավոր դերը հատկացվում էր Տարի հացին, ինչի մեջ սովորաբար դնում էին դրամ կամ ուլունք եւ այն բաժանում ընտանիքի անդամների թվով: Ում բաժնի մեջ ընկներ այդ ուլունքը, ենթադրում էին, որ տան հաջողությունն ու բախտավորությունն այդ տարի նրա հետ է կապված: Նոր տարվա նախորդ գիշերը ամբողջ Հայաստանում երիտասարդներն ու պատանիները փոքրիկ խմբերով տոպրակներ կամ գուլպաներ ուսած շրջում էին երդիկից երդիկ եւ դրանք չվանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը պարտավոր էր լցնել տոպրակը մրգով, չիր ու չամիչով, գաթայով: Հաջորդ օրը, հունվարի 1-ին, մեծերն այցելում էին միմյանց եւ շնորհավորում խնձորով, ընկույզով ու նարինջով: 

 Ինչպե՞ս են նախընտրում նոր տարին անցկացնել այսօր

Բազմաթիվ ընտանիքներ նախընտրում են նոր տարին դիմավորել արտերկրում: Ըստ տուրիստական գործակալությունների` նոր տարվա կապակցությամբ հատկապես ընտանյոք պատվերները  ավելի շատ են լինում: Հայաստանցիները հիմնականում նախընտրում են մեկնել Եգիպտոս, Դուբայ, Թաիլանդ: Վերջերս զարգացել են նաեւ եվրոպական ուղղությունները, արդիական է դարձել Իտալիան:

Նոր տարին` ընտանեկան տոն

Չնայած նրան, որ այսօր գործում են բազմաթիվ ժամանցային վայրեր` սկսած ակումբներից մինչեւ ռեստորանային համալիրներ, այնուամենայնիվ մեր երիտասարդությունը նախընտրում է նոր տարին անցկացնել ընտանիքի հետ, հետո միայն նոր ընկերների շրջապատում  եւ իհարկե հաճելի մթնոլորտի ուղեկցությամբ: Այս առնչությամբ, NEWS.am-ը դիմեց մեր հմաքաղաքացիներին, պարզելու, թե ինչպես են նախընտրում նշել Ամանորը:

Նաիրա Հարությունյան` տնտեսագետ.

Յուրաքանչյուր մարդ նոր տարին պետք է նախ իր ընտանիքի հետ անցկացնի իր տանը` ընտանիքի շրջապատում: Հետո նոր ավելի ուշ միանա ընկերներին, քանի որ նոր տարին ընտանեկան տոն եմ համարում:

 Նոռա Փափազյան` հոգեբան.

Նոր տարին  կնշեմ ընտանիքիս հետ տանը, որից իսկապես հաճույք եմ ստանում: Հետաքրքիր կլինի նաեւ, որ ընկերներով, ասենք մի 8-10 հոգով ինչ որ տեղ գնայինք, թեկուզ քաղաքից դուրս: Արկածախնդրության համար ասենք Ծաղկաձորի գյուղերից մեկում մի տաք տուն վերցնեինք ձների մեջ ու միասին անցկացնեինք:

Վահագն Դավիդավյան` հումորիստ.

Նոր տարին ընդհանրապես նախընտրում եմ անցկացնել ընտանիքում, որ բոլորը հավաքված են, բայց մեկ անգամ էլ ուզում եմ անցկացնել ընկերական շրջապատով ու Հայաստանից դուրս: