Հայ-ռուսական հարաբերությունների իմաստով 2017 թվականը նշանավորվել է ակտիվ երկխոսությամբ, միջազգային հարթակներում քայերի արդյունավետ համակարգմամբ: Այս մասին նշված է 2017 թվականի արդյունքներով Հայաստանի ԱԳՆ զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ շարունակվել է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքը, համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային, արտակարգ իրավիճակների, ապակենտրոնացված համագործակցության, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում: Ինտենսիվացել են միջխորհրդարանական, միջգերատեսչական եւ միջտարածաշրջանային կապերը: 2017 թվականին 2 երկրների նախագահները երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հանդիպել են ավելի քան 10 անգամ: Նախագահ Սերժ Սարգսյանը մարտին, օգոստոսին եւ նոյեմբերին պաշտոնական եւ աշխատանքային այցերով ՌԴ է այցելել: Այցերի ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել քաղաքական, ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում:

Ակտիվ են եղել 2 կառավարությունների միջեւ հարաբերությունները, վարչապետները փոխայցելություններ են կատարել, Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ հանդիպումներ են տեղի ունեցել Բիշքեկում, Աստանայում, Կազանում:

Երկու երկրների ԱԳ նախարարները բազմիցս հանդիպել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելել է Հայաստան: Փետրվարի 21-ին Մոսկվայում, իսկ նոյեմբերի 25-ին Երեւանում հատուկ ցուցահանդեսներ են բացվել՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ 10 խորհրդակցություն են անցկացվել:

Քայլեր են ձեռնարկվել ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ: Հունվարի 11-ին ուժի մեջ է մտել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Հոկտեմբերի 6-ին Երեւանում տեղի է ունեցել հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովը: Տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների ղեկավարների միջեւ  բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում՝  մոտ 2 տասնյակ միջկառավարական, միջգերատեսչական եւ միջտարածաշրջանային իրավական փաստաթղթեր: Փետրվարի 23-ից գործում է ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան ներքին անձնագրերով մուտք գործելու կարգը: