Պետք է ընդունվի Հայաստանի գյուղատնտեսության աջակցության մեկամյա ծրագիր, իսկ այս օրինագիծը պետք է ապահովի օրենսդրական մակարդակում դրա իրականացումը: Այս մասին հունվարի 29-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերով մշտական հանձնաժողովում  «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

«Բնական է, եթե ծրագիր կա, ապա ամեն տարի պետական բյուջեից պետք է դրա իրականացման համար որոշակի միջոցներ հատկացվեն»,- պարզաբանեց Մելքումյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտն արմատապես տարբերվում է  արդյունաբերությունւից եւ տնտեսության ամենառիսկային ոլորտներից մեկն է, որտեղ գործում է գրեթե 400 հազար մարդ: Դրանից ելնելով, Միքայել Մելքումյանի կարծիքով, անհրաժեշտ է կոնկրետ եւ արդյունավետ սխեմա առաջակել՝ ուղղված այս ոլորտի աջակցությանը, որն ամբողջությամբ չպետք է կախված լինի կառավարության ցանկություններից եւ քմահաճույքներից: