Այս օրինագծի նպատակն է գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական սկզբունքների եւ ուղղությունների որոշումը: Այս մասին հունվարի 29-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերով մշտական հանձնաժողովում  «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

Մելքումյանը նշեց, որ դրանից զատ, օրինագիծը պետք է կարգավորի գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության համակարգի ձեւավորման եւ գործառնության հետ կապված հարաբերությունները: «Այս օրինագծի շնորհիվ կկարողանան պետական աջակցություն ստանալ Հայաստանի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»,- պարզաբանեց օրինագծի հեղինակը:

Նրա խոսքով՝ օրինագիծը հիմնականում ուղղված է պետության պարենային անվտանգության մակարդակի, գյուղատնտեսական արտադրանքի եւ հումքի մշակման ոլորտում պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը, հողատարածքների, ջրային, աշխատանքային, գիտատեխնիական, էներգետիկ եւ այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետությանը, գյուղատնտեսական հատվածի կառուցվածքի բարելավմանը, գյուղատնտեսական հումքի եւ սննդամթերքի բաժնի մեծացմանը, որոնք ավելացված բարձր արժեք են ապահովում, շուկային ուղղորդված մրցունակ ագրարային հատվածի ձեւավորմանը, ագրարային համակարգի կայուն եւ հավասարակշռված զարգացմանը, բնական պաշարների պահպանմանը եւ հավասարակշռված օգտագործմանը: