2017թ. մեր տնտեսությունը արձանագրել է աննախադեպ 7.7% տնտեսական ակտիվության աճ 2016-ի համեմատ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կառավարության եւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ղեկավար, ՀՀ Կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական Էրիկ Գյուլազյանը։

Նրա խոսքով, դա շատ լուրջ ցուցանիշ է միջազգային բոլոր համեմատականներով, ընդ որում ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 12.6%, ծառայությունների ծավալի աճ՝ 14.4%մ, ներքին առեւտրի շրջանառության աճ՝ 14%, առեւտրաշրջանառության ծավալի աճ՝ 26.9%, արտահանման աճ՝ 25.2%, ներմուծման աճ՝ 27.8% եւ այլն: «Այս ամենը մեզ եւ մեր գործընկերներին թույլ է տալիս խոսել ավելի ծավալուն համատեղ ծրագրերի մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն։ Ասիական զարգացման բանկի հետ 2019-2023թ. մեր համագործակցության ռազմավարության մեջ կարձանագրենք մեզ համար կարեւոր լրացուցիչ ոլորտները, որոնցում կաշխատենք մեր գործընկերների հետ՝ ներառյալ ենթակառուցվածքները, թվայնացումը, կրթությունը, տուրիզմը եւ այլ ոլորտներ, որ միասին կնախորոշենք քննարկումների ընթացքում: ԱԶԲ նախագահը նաեւ ընդունել է ՀՀ Վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը եւ հունիսին կժամանի Երեւան»,- նշել է Գյուլազյանը։

Խոսելով Դավոսում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին՝ խորհրդականը նշել է, թե Դավոսը հարթակ է, որտեղ հավաքվում են տնտեսական, քաղաքական, գործարար, հասարակական համաշխարհային առաջնորդները՝ քննարկելու արդի խնդիրները եւ անելիքները: «Ըստ էության, Հայաստանը հրավեր ստացավ, վերադարձավ այդ հարթակ եւ ցույց տվեց, որ այդ հարթակը կարող է օգտագործել մեր երկրի նպատակներին հասնելու եւ մեր խնդիրները լուծելու համար՝ լսելի, հասկանալի եւ ընդունելի դարձնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները եւ գործարար գրավչությունը, ներառյալ իր սահմաններից դուրս ավելի մեծ շուկաներ մտնելու տեսանկյունից»,- ասել է նա։

Ըստ Գյուլազյանի, բացի երկկողմ հանդիպումներից, համաժողովի հարթակի վրա քննարկվում են աշխարհի առջեւ կանգնած ամենախոշոր մարտահրավերները, դրանց լուծման ուղիները եւ նոր հնարավորությունները։ «Կարծում եմ, յուրաքանչյուր երկիր անկախ իր չափից եւ կարողություններից ասելու բան ունի կապված այդ մարտահրավերների եւ հնարավոր լուծումների հետ՝ մեր դեպքում՝ մեր շահերից ելնելով։ Այդ մարտահրավերների մեծ մասը նաեւ ակտուալ է Հայաստանի համար եւ մենք եւս ունենք լուծումներ, որոնք կարող ենք առաջարկել եւ առաջարկել ենք։ Մասնավորապես, Վարչապետ Կարեն Կարապետյանը հրավեր է ստացել եւ մասնակցել է Դավոսի ամենա բարձր մակարդակի՝ IGWIL-ի՝ Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչպաշտոնական խմբի երկու հանդիպումներից երկուսին էլ, ինչպես նաեւ Կառավարիչների հանդիպմանը՝ Governors Policy Meeting-ին»,- ասել է Էրիկ Գյուլազյանը: