Ոչ մեկի մոտ իլյուզիա չկար, որ ատոմակայանի գործող էներգաբլոկը պետք է ընդմիշտ աշխատի: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանում մեկնարկած էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստին լրագրողների հետ զրույցում նշել է  փոխնախարար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, Հայաստան-ԵՄ բանակցությունների արդյունքում հստակ ձևակերպվել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի ատոմակայանի գործող բլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ. «Մենք բավականին մեծ ներդրումներ ենք արել եւ շարունակում ենք անել անվտանգության ստանդարտների ուղղությամբ: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի 300 միլիոն դոլար արժողությամբ ներդրումների մեծ մասը գնում է հենց անվտանգության ստանդարտների բարձրացման վրա: Այդ երկարաձգումը նախատեսում են 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է ապագործարկում։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա», - ասաց փոխնախարարը:

Հարցին, թե հնարավո՞ր է այլընտրանքային էներգետիկան այլընտրանք լինել հայկական ատոմակայանին, Հայկ Հարությունյանն արձագանքեց. «Չի կարելի ոչ մի բան բացառել։ Ներկա պահին զարգացումներն այս ոլորտում ընթանում են շատ սրնթաց, և ակումուլյացիոն տեխնոլոգիաները բավական արագ են զարգանում, բայց ներկա պահին մենք հստակ չենք կարող ասել»: