Պետք է հնարավորինս շուտ փակվի հայկական ատոմակայանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանում մեկնարկած էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստին լրագրողների հետ զրույցում նշել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:

«Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի Հայաստանի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»,-ասաց նա:

Լորենցի խոսքով, իրենք միաժամանակ հասկանում են, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը, եւ դա պետք է հաշվի առնել: «Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո Եվրոպական միությունում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր անցկացրեցինք, այդպիսին նաև Հայաստանն իրականացրեց և այժմ կարևոր է այդ սթրես-թեսթերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն` անել այն` ինչ հնարավոր է իրականացնել այս ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,-հավելեց ընդգծեց Լորենցը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործմանը, նա նշեց, որ այդ համաձայնագրով նախատեսված է, որ Հայաստանը ի կատար է ածելու Եվրամիության օրենսդրական նորմերն՝  նշված այս ոլորտներն արդիականացնելու նպատակով:

«Դա իրականացնելու համար կպահանջվի 2-5 տարի: Այսօրվա հանդիպումը շատ գործնական է լինելու, հստակ քայլեր են մշակվելու, որպեսզի Հայաստանի քաղաքացին շոշափելի արդյունք տեսնի էներգախնայողության, վերականգնվող  էներգետիկայի, ճանապարհային անվտանգության բարելավման ոլորտում»,-ընդգծեց Լորենցը:

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագով: