Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 30-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրեդլի Բուզետտոյին կատարված աշխատանքի ու երկկողմ գործակցության զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Բուզետտոյի պաշտոնավարման ընթացքում կյանքի են կոչվել, ինչպես նաեւ շարունակվում են իրականացվել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի զարգացման եւ բարեկեցության ապահովման համար:

Կարեն Կարապետյանը նաեւ տեղեկացրել է Շվեյցարիայի Դավոս քաղաք աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների հետ հանդիպման արդյունքների մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ իր համար պատիվ էր աշխատել Հայաստանում եւ ներդրում ունենալ երկրի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Նա նաեւ շնորհավորել է վարչապետ Կարապետյանին՝ Դավոս հաջող այց կատարելու եւ արդյունավետ հանդիպումներ ունենալու կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության եւ ՄԱԶԾ-ի միջեւ համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել ՀՀ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային համագործակցության խթանման հեռանկարներին:

Վարչապետ Կարապետյանը հաջողություն է մաղթել պարոն Բուզետտոյին հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը եւ ցանկալի հյուր մեր երկրում: