Օրերս հրապարակվել է Հայաստանի հազար ամենախոշոր հարկատուների մասին հերթական տեղեկատվությունը, աս անգամ 2017 թվականի համար։ Առաջին հայացքից այդ տեղեկությունը սենսացիոն ոչինչ չի պարունակում։ «Հայաստանի հազար ամենախոշոր հարկատուներ» կոնտինգենտը հաշվետու տարում 91,2 մլրդ դրամ ավելի է վճարել, քան նախորդ տարի։ Աճի առաջանցիկ տեմպերի արդյունքում «խոշորների» կշիռը պետբյուջեի եկամուտներում աճել է 3,4 տոկոսային կետով՝ 66,4-ից հասնելով 69,8 տոկոսի։ Այսինքն, պետական գանձարանի եկամուտների գրեթե 70 տոկոսը։

Մինչդեռ մյուս մասի դեպքում, որին կարելի է անվանել «մյուս հարկատուներ», պատկերն արմատապես հակառակն է։ Այդ խմբի վճարած հարկերը տարեկան կտրվածքով նվազել է 13,1 մլրդ դրամով ( կամ 3,6 տոկոսով)։ Կարելի՞ է արդյոք այստեղից ենթադրություն անել, որ մի շարք ոլորտներում (ասենք, մանրածա առեւտրում) խոշոր բիզնեսը դուրս է մղում փոքր եւ միջին բիզնեսին։

Մեր պայմաններում բավական հազվադեպ մրցակցությունը այդուհանդերձ դրսեւորվում է մեկ ոլորտում՝ մայրաքաղաքի մանրածախ առեւտրում։ Ընդ որում, դատելով «սովորական» սննդի խանութների սեփականատերերի կարծիքից, այդ պայքարում հաղթում են սուպերմարկետները։ Մեկ փաստ պաշտոնական վիճակագրությունից։ Անցած տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանում մանրածախ խանութների թիվը նվազել է 465 միավորով։ Բնականաբար, եթե գործերը լավ լինեին, այդ խանութները դժվար թե փակվեին։

Սկզբունքորեն բաժանումը «հազար ամենախոշորների» եւ «մնացածի» զուտ ձեւական բնույթ է կրում։ Նույնիսկ ամենախոշորների խմբում, առեւտրային ընկերությունների միջեւ ահռելի տարբերությունններ կան։ Այսպես, անցած տարի վարկանիշի առաջին հարյուր ընկերությունները ապահովել են հազարյակի վճարած բոլոր հարկերի 62 տոկոսը։

Առաջին տասնյակին բաժին է հասնում բոլոր հարկերի քառորդ մասը (24,6 տոկոս)։ Իսկ առաջատարի՝ «Գազպրոմ Արմենիայի» բաժինը կազմում է հարկերի ընդհանուր գումարի գրեթե 5 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում այդ մենատիրոջ բաժինը կազմել է 3,4 տոկոս (նախորդ տարի՝ 3,9 տոկոս)։

Թեեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նախկին պես առաջատարն է, 2,7 մլրդ դրամով պակաս է հարկեր վճարել նախորդ տարվա համեմատ։ Այսինքն, նրա դիրքերը, որպես խոշորագույն հարկատուի, փոքր-ինչ սասանվել են։ Մերձակա մրցակիցը՝ «Գրանդ Գոբակո» ՓԲԸ-ն անցած տարի 12,2 մլրդ դրամ ավելի հարկեր է վճարել, քան նախորդ տարի։ Եթե նախկինում առաջատարը մրցակցին գերազանցում էր հարկերի թվով 1,9 անգամ, ապա անցած տարի այդ համամասնությունը զգալի կրճատվել է՝ մինչեւ 1,2 անգամ։

Սմբատ Գրիգորյան