ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է մի շարք խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր  ջերմոցատերերի հետ  քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները եւ նախանշել զարգացման հեռանկարները:

«Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր եւ միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետարքրություն կա: Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգի ծրագիր փոքր եւ միջին ջերմոցատերերի համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման եւ եկամուտների ավելացման նպատակով, միաժամանակ նաեւ սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա ճիշտ պահեստավորել եւ պահպանել արտադրանքը` արտահանման նպատակով»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` կոչ անելով հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգող հարցերն ու  առաջարկները: 

Հանդիպմանը ներկա ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծման դեպքերին, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների որակի լաբորատոր ստուգումների հնարավորությանը, որակյալ մասնագետների պատրաստմանը, կենսաբանական եղանակներով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Հանդիպման մասնակիցները ոլորտի ընդլայնման եւ զարգացման նպատակով կարեւորել են նաեւ մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման հարցը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Նախարար Առաքելյանը նշել է , որ նախարարությունը առկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ կմշակի ծրագրեր եւ դրանք կներկայացնի կառավարության քննարկմանը: