Սաուդյան Արաբիայի կառավարությունը հայտարարել է ձեռնարկատերերի, պաշտոնյաների եւ արքայազնների հետ համաձայնությունների շրջանակում ավելի քան 100 մլրդ դոլար առգրավելու մասին, որոնց ձերբակալել էին հակակոռուպցիոն արշավի շրջանակում: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ, շեյխ Սաուդ ալ Մոջեբը, փոխանցում է Reuters-ը: 

Նրա խոսքով՝ համաձայնագրերի ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 400 մլրդ ռիյալ (106 մլրդ դոլար)՝ ներկայացված տարբեր ակտիվների տեսքով՝ ներառյալ անշարժ գույք, կոմերցիոն կազմակերպություններ, արժեթղթեր, դրամական միջոցներ եւ այլ ակտիվներ:

Ինչպես նշում է Reuters-ը, այս միջոցները կառավարության համար ֆինանսական խթան կդառնան, որն այժմ ֆինանսական ճգնաժամի մեջ է նավթի ցածր գների պատճառով: Պետական բյուջեի պակասուրդը այս տարի կանխատեսվել է 195 մլրդ ռիյալ մակարդակում:

Գլխխավոր դատախազի խոսքով՝ քննության ընթացքում հարցաքննության է կանչվել 380 մարդ: Ներկայումս կալանավորված է 56-ը, որոնք դեռեւս իշխանությունների հետ համաձայնության չեն եկել:

Ավելի քան 100 կալանավոր ազատվել է: Անցած հանգստյան օրերին ազատվել են միլիարդատեր արքայազն Ալ Վալիդ բին Տալալը եւ Վալիդ ալ Իբրահիմը, որը վերահսկում է տարածաշրջանային ազդեցիկ MBC հեռուսաընկերությունը:

Հիշեցնենք, որ անցած տարի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել էին թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ՝ թե գործող , թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ։ Նրանց բոլորին տեղավորել էին Էր Ռիադի Ritz հյուրանոցում, որտեղ նրանց հետ բանակցություններ են վարում մինչդատական ֆինանսական համաձայնագրերի մասին, որոնց շրջանակներում արքայազները կարող են վճարի դիմաց ազատ արձակվել, ինչը հնարավորություն կտա  զգալիորեն համալրել պետական գանձարանը։