Ներկայում դիտարկվում է Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման ծրագրերի փաթեթային լուծման տարբերակը՝ «Ջերմաղբյուր» եւ «Կարկառ» տեղանքների համար մեկ միասնական ներդրողի ներգրավմամբ: Այդ մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում վարչապետի մասնակցությամբ խորհրդակցությանն ասել է նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Նա ներկայացրել է նաեւ այլընտրանքային՝ արեւային, քամու եւ հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակում երկրաջերմային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման շրջանակում պատրաստվել է «Կարկառ երկրաջերմային էլեկտրակայանի նախնական ինքնարժեքի հաշվարկը» հաշվետվությունը եւ հաշվետվության եզրակացության հայերեն թարգմանությունը: Ներկայում դիտարկվում է ՀՀ-ում երկրաջերմային էլեկտրակայանների կառուցման ծրագրերի փաթեթային լուծման տարբերակը՝ «Ջերմաղբյուր» եւ «Կարկառ» տեղանքների համար մեկ միասնական ներդրողի ներգրավմամբ:

2017 թ. իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցում. ընկերությունն սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը:

Նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը զեկուցել է հանքարդյունահանման ոլորտում իրավիճակի մասին. 2017 թ. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 26 թույլտվություն՝ 25 ոչ մետաղական օգտակար հանածոների, 1՝ հանքային ջրերի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար՝ 24 թույլտվություն՝ 10 մետաղական օգտակար հանածոների երեւակումների եւ 14 ոչ մետաղական օգտակար հանածոների երեւակումների, երկրաբանական ուսումնասիրության 1 համաձայնություն, նավթի եւ գազի ուսումնասիրության 2 արտոնագիր, հանքային հումքի տեսակների արտահանման մեկանգամյա 2 լիցենզիա:

Կառավարության ղեկավարը նախարարության ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել է ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարեւորության վրա՝ անդրադառնալով հանքերի օգտագործման լիցենզիաների տրամադրման հարցին. «Պետք է հետեւել մեր գործընկերների կարգապահությանը եւ հասկանալ՝ ինչպես ենք անում, որպեսզի այդ դաշտը մոտիվացնենք, որովհետեւ այնտեղ տնտեսական աճի մեծ ներուժ ունենք»: