Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018 թվականին. աշխատանքներն սկսվելու են մարտի վերջին: Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում ու տեղափոխում, ինչպես նաեւ այլ աշխատանքների իրականացում: Արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարների խոսքով՝ ծախսերի գնահատումը ցույց է տվել, որ համակարգը ծախսարդյունավետ է, եւ համատեղ քննարկումների արդյունքում այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը:

Վարչապետը կարեւորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության հետեւանքով առաջացող ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունը եւ ծախսարդյունավետությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ընթացք տալ ծրագրին, այս տարի փորձնական իրականացնել շահառու համայնքներում, ինչպես նաեւ սեղմ ժամկետում ներկայացնել ապահովագրական համակարգի ներդրման սխեմա: