ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին` համագործակցության վերաբերյալ ծրագրային առաջարկներ ներկայացնելու մասին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը` ընդգծելով, որ ներկայումս ոլորտի առաջնահերթությունների թվում են փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանումը, գյուղատնտեսական հումքի վերամշակման կենտրոնների, սառնարանային տնտեսությունների, կաթի մթերման կայանների ստեղծումը, բուսաբուծության եւ անասնապահության ճյուղերում բարձր ավելացված արժեք ապահովող գյուղատնտեսական մթերքների արտադրության գերակշռումը, տեղական գյուղմթերքի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացման նպատակով ջերմոցների հիմնումը:

Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս կառավարության թիրախային ուղղություններից մեկը փոքր ֆերմերներին աջակցություն ցուցաբերելն  է, ինչը թույլ կտա ավելացնել նրանց եկամուտները: Միաժամանակ նախարարը կարեւորել է կրթության ոլորտում ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը եւ  համայնքներում` ագրարային ոլորտում բիզնես-ծրագրերի մշակման եւ իրագործման վերաբերյալ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Ռամի Սալմանն իր հերթին  վերահաստատել է պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ մասնավոր հատվածի ներգրավմամբ քննարկել համատեղ  նոր ծրագրերի մշակման եւ իրականացման հնարավորությունը, որոնք համահունչ կլինեն ոլորտի ներկայիս առաջնահերթություններին եւ գերակա խնդիրներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում  ձեւավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարության, մասնավոր հատվածի եւ IFAD-ի ներկայացուցիչներ՝ կարճաժամկետ (2019-2020 թթ)  եւ երկարաժամկետ (2019-2024 թթ)  ոլորտի զարգացման ռազմավարության մշակման նպատակով: