Հայոց ցեղասպանության օրը պետք է ներառվի Ֆրանսիայի հիշարժան օրերի օրացույցում: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընդունելության ժամանակ` նշելով, որ համապատասխան որոշումը կկայացվի առաջիկա ամիսներին:

«Սա այն խոստումն է, որը ես տվել եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ այժմ հաստատում եմ այն: Պետք է պայքարել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը շուտով կրկին կներկայացվի քննարկման եւ քվեարկության: Այս պայքարը մեզ թույլ է տալիս նայել այսօրվա իրականության եւ ներկայիս ողբերգությունների աչքերին»,- ասել է Մակրոնը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների թեմային՝ Մակրոնը նշել է, որ կփորձի Էրդողանին ներքաշել հերթական երկխոսության մեջ: «Ես ասացի նրան ամեն ինչ ինչպես կա: Երբեմն մամուլում կասկածներ են արտահայտվում այս առումով, սակայն արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ուղերձը վակուումի մեջ ասված խոսքեր չէ»,- ասել է Մակրոնը: