ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ  Ալ Էնեզիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժին պետ Մհեր Մկրտումյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Քուվեյթի Պետությունն  իր համար հաճելի եւ բարեկամ  երկրներից մեկն է եւ բազմիցս Քուվեյթում  ականատես է եղել հայ բնակչության նկատմամբ դրական վերաբերմունքի:

Այնուհետեւ անդրադառնալով հայ-քուվեյթյան հարաբերություններին, մասնավորապես՝ տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  գործունեությանը, նախարարն ասել է, որ քաղաքական եւ մարդկային  առումով   հարաբերությունները հստակ են. արդեն կայացել է  միջկառավարական հանձնաժողովի 2 նիստ, երկկողմանի այցելություններ են եղել, եւ արդյունքում ստորագրվել են  երկկողմ համագործակցության բազմաթիվ փաստաթղթեր:

«Սա արդեն լուրջ հիմք է  տարբեր ուղղություններով ակտիվ համագործակցության համար: Հայկական կողմից կա դրական վերաբերմունք այն շարունակելու համար, եւ այս տարի Երեւանում կազմակերպվելիք  միջկառավարական համատեղ հանձնաժողովի  3-րդ նիստին  այսօրվանից պետք է լավագույնս պատրաստվենք, որպեսզի մեր բոլոր գերատեսչությունները եւ նաեւ մասնավոր հատվածն արդյունավետ կերպով ներգրավվի այս գործընթացի մեջ: Մենք պետք է խնդիր դնենք մեր առջեւ.  ապրանքաշրջանառությունը մեծացնենք եւ տնտեսական կապերը նոր մակարդակի հասցնենք»,-ասել է Դ. Լոքյանը:

Դեսպան  Աբդուլլահ  Ալ Էնեզին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նույնպես նկատել, որ տնտեսական կապերը  դեռեւս բավարար մակարդակի չեն եւ  վստահեցրել, որ  պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները:

«Այս հարցում ես  կարեւորում եմ երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ակտիվ աշխատանքը, կարող եմ հայտարարել, որ  մշտապես  կապի մեջ եմ   Քուվեյթի ներդրումային հիմնադրամի  ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստ են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ՝ որեւէ ոլորտում ներդրում կատարելու համար»,-ասել է դեսպանը:

Նախարար Լոքյանը ներկայացրել է  գյուղատնտեսության, ձկնաբուծության, փոքր ջրամբարների կառուցման, առողջապահության, դեղագործության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում իրատեսական ծրագրերի առաջարկներ, հայտարարել, որ դրանք առանձին փաթեթների տեսքով ՀՀ վարչապետի հետ քննարկումից հետո պատրաստ է փոխանցել քուվեյթյան կողմին: 

«Մենք պատրաստ ենք տարաբնույթ առաջարկներով հանդես գալ եւ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցել այնպիսի սկզբունքներով, որ դա փոխադարձ շահավետ լինի: Կարծում եմ` ժամանակն  է անցնելու ավելի գործնական, ավելի պրակտիկ  քննարկումների, որպեսզի  մինչեւ հաջորդ միջկառավարական նիստը  արդեն որոշակի արդյունքներ ունենանք»,-ասել է Դավիթ Լոքյանը` հավելելով, որ  նոյեմբերին կայանալիք նիստին ընդառաջ անհրաժեշտ է  շարունակել հանդիպումները եւ սահմանել աշխատանքների  հստակ ժամանակացույց:   Դեսպան  Աբդուլլահ  Ալ Էնեզին ոգեւորությամբ է ընդունել  նախարար Լոքյանի՝ առաջիկայում   Քուվեյթի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու առաջարկը, որը հնարավորություն կընձեռի ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի առաջարկները: 

Դեսպանն  իր գոհունակությունն է հայտնել հանդիպումից, առաջարկել ստեղծել աշխատանքային խումբ եւ ակտիվ աշխատել հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք  հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր,  պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ արտաքին գործերի գերատեսչության հետ միասին աշխատել  երկկողմանի   հարաբերությունները բավարար եւ գոհացուցիչ  մակարդակի  բերելու ուղղությամբ: