Հայաստանում կանցկացվի հողածածկույթի դասակարգում: Հողային օրենսգրքում եւ կից իրավանորմատիվային ակտերում լրացումների համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 1-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Հայաստանում հողերը մասնավորապես կդասակարգվեն՝

մշակվող հողեր, որոնց մեջ մտնում են գյուղատնտեսական նշանակության հողային ֆոնդի եւ անտառային ֆոնդի վարելահողերը, բազմամյա տնկիներ, տնամերձ եւ այգեգործական հողերը,

մարգագետիններ, որոնց մեջ մտնում են գյուղատնտեսական նշանակության հողային ֆոնդի խոտհունձի հանդերը եւ արոտատեղիները, ինչպես նաեւ խառը յուրացման եւ ընդհանուր օգտագործման հողերի մի մասը, հատուկ պահպանվող տարածքներ, հատուկ նշանակության, անտառային ֆոնդի հողերի մի մասը,

անտառատարածքներ, որոնց մեջ մտնում են հատուկ պահպանվող տարածքների հողերը,

հատուկ պահպանվող գոտիների եւ անտառային ֆոնդի թփուտային տարածքներ,

ջրահանդեր, որոնք ընդգրկում են ջրատարածքների եւ հատոկ պահպանվող գոտիների մի մասը,

բուսականությունից զուրկ տարածքներ, որոնց մեջ մտնում են գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողերը, խառը յուրացման եւ ընդհանուր օգտագործման, հասարակական եւ արդյունաբերական նշանակության հողերը, հատուկ պահպանվող հողերը, անտառային, ջրային եւ պահուստային տարածքները:

Մինասյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է ՄԱԿ «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի, բնապահպանական այլ կոնվենցիաների եւ միջազգային պայմանագրերի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիակատար իրականացումն ապահովելու համար:

Ըստ դասակարգման հողածածկույթի վերլուծությունը թույլ կտա իրատեսորեն որոշել փոփոխությունները, որոնք առաջանում են բնական գործոնների եւ մարդու գործունեության հետեւանքով, ինչն անհրաժեշտ է կայուն հողագործության ապահովման համար: